Հրամանատար. «Ֆիզիկապես ամենապատրաստվածը գյումրեցիներն են»

Արցախի Պաշտպանության բանակի զորամիավորումներից մեկի հրամանատարի տեղակալ, գնդապետ Խորեն Հովսեփյանից Razm.info-ն հետաքրքրվեց, թե ինչ տրամադրություն է տիրում զորամասում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս զինծառայության ընթացքում, ինչ ֆիզիկական և մտավոր կարողություններով են նորակոչիկները գնում բանակ:

— Օրինակ լինում է, որ նորակոչիկները չորսամյա, ութամյա կրթությամբ են գալիս բանակ: Զինվորների կրթության մասին տվյալները պահվում են հրամանատարների մոտ: Սակայն թույլ գրագիտությամբ զորակոչված զինվորը ժամանակի ընթացքում որոշակի գիտելիքներ է ձեռք բերում: Եղել է, որ նորակոչիկը չի կարողացել իր անուն-ազգանունը գրել, սպան աշխատել է հետը, որ գրել սովորի: Հետաքրքիր է, բայց իրենց գիտելիքներով չփայլող զինծառայողները ամենալավ ծառայողներն են դառնում, իսկ ֆիզիկապես ամենապատրաստված զինծառայողները Գյումրիից են հիմնականում:

— Որո՞նք կհամարեք բանակի հիմնական խնդիրները:

— Խնդիրներ լինում են նորակոչիկների շրջանում, երբ փողոցի բարքերը բերում են բանակ, բայց դա մի քանի ամսում լուծվում է: Լինում է, որ իրար չեն հասկանում։ Լեյտենանտն ավարտում է ռազմական ինստիտուտը, գալիս ծառայության: Նա, օրինակ՝ 22 տարեկան է, զինվորը՝ 18-20  ու որոշ հակասություններ են առաջանում: Մենք զորամասերում ունենք նաև հոգևորականներ, հոգեբաններ: Նրանք ամեն հերթափոխի ժամանակ աղոթում են, քարոզում, նորմալ հարաբերությունների մեջ են զինվորների հետ, իսկ զինվորներն իրենց խնդիրները հաճախ ներկայացնում են հոգեբանին կամ հոգևորականին:

— Պարոն գնդապետ, բանակում երբեմն մահացության դեպքեր են գրանցվում: Որո՞նք են դրանց պատճառները:

— Մահացության դեպքեր լինում են հակառակորդի կրակից, հիվանդությունից, լինում է նաև, որ իրար ճիշտ չեն հասկանում: Ամեն ինչ անում ենք, որ զոհեր չլինեն, բայց ամեն ինչ բացառել դժվար է, որովհետև նրանք զինված են ու դիրքերում են: Օրինակ մեծ տարիքում գալիս են ծառայության ու երբ 18 տարեկան սերժանտն իրեն հրամայում է՝ սկսում է չհարմարվել ու խնդիրներ են լինում: Դրա համար ծառայության լավագույն տարիքը 18 տարեկանն է: Մահվան դեպքեր են լինում նաև անվտանգության կանոնները խախտելիս: Նորակոչիկը մտնում է զորամաս, 6 ամիս պատրաստություն է ստանում` նոր ուղարկվում մարտական հերթապահության: Այդ ընթացքում զինվորին գիշեր-ցերեկ բացատրում են, որ անվտանգության կանոնները պահպանեն, բայց լինում են նաև խախտման դեպքեր: Եղել է, որ զինվորի անունը այն կողմից կանչում են, զինվորը այդ պահին չի գիտակցում, որ իր անունը տվողը կարող է թշնամին լինել, գլուխը բարձրացնում է՝ խփում են:

—Մի պահ կար, երբ աղանդավորները խնդրահարույց էին, այսօր աղանդավորների հետ կապված խնդիրներ լինու՞մ են:

— Երբ Մեխակավանում (Ջաբրաիլ) զորամասի հրամանատար էի, մի զինվոր կար՝  աղանդավոր էր, զենք չէր ուզում վերցնել: Հորը կանչել եմ՝ եկել է, զենքը հանձնել է որդուն: Ոչ մեկի ձեռքից զենք չէր վերցնում, բայց հոր ձեռքից իր ծառայակից ընկերների ներկայությամբ զենքը վերցրեց: Այսօր աղանդավորներ գրեթե չկան:

— Իսկ ինչպե՞ս է ապահովվում զինվոր-ընտանիք կապը: Նրանք ի՞նչ պարբերականությամբ կարող են տուն զանգել:

— Այսօր ծնողների հետ խոսելու խնդիր ընդհանրապես չկա: Զինվորն ամեն օր էլ կարող է տուն խոսել, եթե պետք է՝ ամեն տեղից էլ զինվորը զանգում է:

— Իսկ ի՞նչ որակի է զինվորին հատկացվող սնունդը:

— Դուք ցանկացած զորամաս կարող եք մտնել ու կտեսնեք, թե քանի տեսակ սնունդ են ուտում, այն էլ բարձր կալորիականությամբ: Դիրքերում էլ ցանկացած հարց լուծված է, այնտեղ զինվորն ինքն է իր ճաշը պատրաստում: Ցանկացած նորակոչիկի զորամասում նկարում ենք, 3 ամիս հետո կարող եք նրան տեսնել, թե արտաքինով որքան փոխված է, արդեն կոփված տեսք է ունենում:

— Իսկ ի՞նչ հաճախականությամբ են զինվորնեը բուժզննում անցնում, կա՞ ֆիքսված ժամանակ:

— Ամեն օր, շարային ստուգատեսի ժամանակ վաշտի հրամանատարը ստուգում է, եթե ինչ-որ մեկի մոտ խնդիրներ են առաջանում՝ տանում են բուժկետ, եթե լուրջ է լինում՝ տանում են Ջաբրաիլի հոսպիտալ, ինչ-որ հնարավոր է՝ այնտեղ անում են: Եթե վիճակն ավելի վատ է լինում՝ տեղափոխում ենք Ստեփանակերտի հոսպիտալ կամ Երևան: Եղել են դեպքեր, երբ զինվորին ուղղաթիռով են տեղափոխել հոսպիտալ:

—Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջերս կրակոցները շատացել են…

— Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ չի ուզում: Իսկ եթե պատերազմ սկսեն՝ ես տեսել եմ այդ ազգի, բանակի գործողությունները: Խրամատի մի կողմից, որ մտնում էինք՝ 60-70 հոգի մյուս կողմից փախնում էր: Մեր պաշտպանությունը շատ լավ կազմակերպված է, ինժեներական առումով լավ կահավորված ենք, ոչ մի վտանգ չկա, զինվորն իր ուժերին վստահ, առույգ կանգնած է դիրքերում, ինքներդ կտեսնեք:

Հ. Գ. Գնդապետ Հովսեփյանի հետ զրուցել էինք մինչ դիրքեր բարձրանալը և զորամասի սնունդին ծանոթանալը: Դիրքերում զինվորին հատկացվում է ձու, երշիկ, խտացրած կաթ, պահածոյացված միս, շաքարավազ, թեյ…: Զորամասում ճաշը պատրաստում են խոհարարները. ճաշացանկում օրական երկու անգամ միս է ընդգրկված: Իսկ դիրքերում զինվորներն իսկապես վստահ ու վճռական տեսք ունեին, որին անդրադարձել ենք առանձին հրապարակմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *