Ամերիկյան Sikorsky ընկերությունն ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համատեղ 2014-ի մարտի 11-ին անցկացրել է UH-60M Black Hawk բազմանպատակային ուղղաթիռի հեռակառավարվող տարբերակի փորձարկումներ։
Ինչպես հաղորդում է ամերիկյան Aviation Week կայքը, փորձարկումների մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Դրանց ընթացքում օպերատորը հեռակառավարման համակարգի միջոցով օդում պահում էր ուղղաթիռը, որից հետո ուղղեց այն դեպի նախապես պայմանավորված կետ, և ուղղաթիռը, բեռը վերցնելով, վերադարձավ։
Ըստ աղբյուրի՝ փորձարկումների արդյունքները գոհացուցիչ են եղել։
Հիշեցնենք, որ UH-60M Black Hawk հեռակառավարվող տարբերակի ստեղծման աշխատանքներն ընթացել են 2011-ի հունիսից։ Այն գրեթե անօդաչուի գործառույթներ ունի։ Այնուհանդերձ, որպես ԱԹՍ լիարժեք օգտագործմանը խոչընդոտում էր այն, որ հատուկ հեռակառավարման համակարգը նմանատիպ կառուցվածք ունեցող ուղղաթիռների վրա ամրացնելու հարմարանքներ չուներ։
Sikorsky-ի տվյալներով՝ խնդիրն արդեն լուծել են։ Ամրացված նոր համակարգի շնորհիվ օպերատորը կարող է նույնիսկ ընտրել՝ որ ռեժիմով է թռչելու ուղղաթիռը՝ լիարժեք անօդաչու, ավտոմատ համակարգի աջակցությամբ և օդաչուի մասնակցությամբ, թե 2 օդաչուների միջոցով։ Ակնկալվում է, որ սույն համակարգն առաջիկայում տեղադրվելու է Sikorsky ընկերության արտադրած մի շարք ուղղաթիռների վրա։
Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքին չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info