Էստոնիան նախատեսում է հետևակի մարտական մեքենաներ գնել

Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի հետևակի մարտական մեքենաներ գնելու համար Նիդերլանդների հետ բանակցություններ վարելու թույլտվություն ստանա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

CV9035NL հետևակի մարտական մեքենան

CV9035NL հետևակի մարտական մեքենան

Ըստ պաշտոնյայի՝ նախնական քննարկումներ եղել են, ու Նիդերլանդները պատրաստ է Էստոնիային վաճառել սեփական զինված ուժերում օգտագործած CV9035NL հետևակի մարտական մեքենաներ: Նախնական տվյալներով՝ Նիդերլանդները նախատեսում է էստոնական կողմին տրամադրել 44 միավոր հետևակի մարտական մեքենաներ ու կից սարքավորումներ, ինչպես նաև իրականացնել դրանց սպասարկումն ու անձնակազմի ուսուցումը:

Ըստ պաշտպանության նախարար Ռեյնսալուի՝ էստոնական կողմը նախատեսում է գնել նաև ինքնագնաց հրետանային համակարգեր ու հակատանկային միջոցներ, քանի որ «անվտանգության ոլորտում իրադրությունը էականորեն փոխվել է»:

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մարտին Էստոնիայի պաշտպանության նախարարությունում հաստատել են ռազմական ոլորտի՝ մինչև 2022 թվականի զարգացման երկարաժամկետ ծրագիրը, ըստ որի՝ 2014-ին երկրի զինված ուժերի սպառազինության համալրման և նյութատեխնիկական բազայի հագեցածության համար կհատկացվի շուրջ 156 միլիոն ամերիկյան դոլար։

Գնումների առաջնահերթությունը տրվելու է հետևակի մարտական նոր մեքենաների, բեռնատարների, ինչպես նաև մի շարք սարքավորումների ձեռքբերմանը։ Դրանց թվում են տարատեսակ պահեստամասերը, զինամթերքը, ականանետերի կրակի կառավարման համակարգը, կապի միջոցները, գիշերային տեսողության սարքերը զինվորական հանդերձանքն ու զրահաբաճկոնները։

Նշենք, որ ընդամենը 6 000 հոգանոց ակտիվ անձնակազմ ունեցող էստոնական զինուժի մարտունակությունը բավական ցածր մակարդակի վրա է։ Դրա վկայություններից մեկը 2014-ի մարտի սկզբին ամերիկյան հավելյալ կործանիչների ուղարկումն էր Լեհաստան, որոնք պետք է պարեկություն իրականացնեին Մերձբալթյան երկրների՝ այդ թվում նաև Էստոնիայի օդային սահմաններում, քանի որ վերջինիս ռազմաօդային ուժերի ներուժը բավարար չէր այդ պարեկության իրականացման համար։

Բազային CV90 հետևակի մարտական մեքենան ներկայացվել է դեռևս 1993-ին։ Արտադրության ընթացքում այն արդիականացվել է շուրջ 20 անգամ։ Արդիականացումներից կախված՝ մեքենայի վրա տեղադրված են 30, 35 կամ 40 մմ-անոց թնդանոթներ, ինչպես նաև 7,62 մմ գնդացիր։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 8 հոգի։

Հետևակի մարտական մեքենայի զանգվածը 23-25 տոննա է, այն կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Մեքենան առկա է մոտ 10 երկրների զինված ուժերում։

One response to “Էստոնիան նախատեսում է հետևակի մարտական մեքենաներ գնել

  1. Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքիան չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *