Իրանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 21-ի երեկոյան ժամերին զինված բախում է գրանցվել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով թյուրքալեզու Oyannews.com կայքին, անհայտ անձինք հարձակվել են Իրանի Արդեբիլի շրջանի Խորուզլու քաղաքի մերձակայքում տեղակայված սահմանային անցակետի վրա։
Գյուղի բնակիչների վկայությամբ՝ սահմանապահները և հարձակվող անձինք բախվել են, որի պատճառով 4 զոհ է արձանագրվել։ Նրանցից մեկը ոստիկանության աշխատակից էր, մյուսը՝ զինծառայող, մյուս երկուսը՝ քաղաքացիական անձինք։ Նշվում է, որ սպանվածներն Իրանի ադրբեջանցիներ են եղել։
Նկատենք, որ միջադեպի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ թե´ Իրանի, թե´ Ադրբեջանի կողմից ներկայումս չկան։ Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպի վայր են ժամանել Իրանի ոստիկանության և ազգային անվտանգության ուժերը, ընթանում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ ապրիլին Իրան էին այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Ալիևի այցի ընթացքում կնքվել էին 3 հուշագիր ու 1 համաձայնագիր։ Բացի այդ, այս օրերին քննարկվում է Կասպից ծովի ջրային տարածքների հիմնախնդիրը, իսկ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆն արդեն հայտարարել է՝ Իրանը հետ չի կանգնելու Կասպից ծովի հարցում որդեգրած դիրքորոշումից։
Pingback: Զինված բախում՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին. կա 4 զոհ | Armday