Սույն թվականի ապրիլի 24-25-ն Իրանի՝ կամավորական սկզբունքներով կազմավորված «Բասիջ» ստորաբաժանման ավելի քան 10 հազար անդամներ անցկացնելու են «Երուսաղեմի ճանապարհին» անունը կրող զորավարժություններ։
Այս մասին հաղորդում է իրանական Iran.ru լրատվակայքը՝ հղում տալով Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար, գեներալ Ահմադ Զոլքադրի խոսքերին։
Գեներալի վկայությամբ՝ վարժանքներն անցկացվելու են Իրանի մայրաքաղաք Թեհրանի 5 շրջաններում։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել կամավորների մարտունակությունն իրական մարտական գործողությունների դեպքում, ինչպես և քաղաքացիական պաշտպանության հմտություններ մշակել։
Հավելենք, որ «Բասիջը» կազմավորվել է 1979-ին Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլի Հոմեյնիի նախաձեռնությամբ։ Նրա կազմում են երիտասարդ իրանցիներ, որոնք սեփական կամքով որոշում են կայացրել ծառայել հայրենիքին։ «Բասիջի» մասշտաբային վարժանքներ է անցկացվել նաև 2014-ի փետրվարի վերջին։
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում Իրանը մի շարք զորավարժություններ է անցկացնում։ Մասնավորապես, ապրիլի 13-ից Իրանում անցկացվում են սահմանապահ զորքերի Iqtidar-3 լայնամասշտաբ վարժանքներ։ Ավելի քան 6 հազար սահմանապահներ, որոնք ծառայություն են անցնում Քիրմանշահ, Արևմտյան Ադրբեջան, Քուրդիստան ու Խուզեստան նահանգներում, մասնակցելու են Քիրմանշահ նահանգի Հասրի-Շիրին քաղաքի մերձակայում անցկացվող վարժանքներին։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ զորավարժության ընթացքում կիրառվելու են անօդաչուներ, զրահամեքենաներ և այլ տեխնիկա։
Ապրիլի 7-8-ն Իրանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում։