Վրաստանը պահեստազորի նոր համակարգ է ստեղծում և զարգացնում ռազմարդյունաբերությունը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով եղել է Վրաստանի ՊՆ ենթակայության տակ գտնվող «Դելտա» ձեռնարկությունում։ Նա ձեռնարկության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խաղաղության համար շատ կարևոր է, որ Վրաստանն ունենա սեփական ռազմարդյունաբերություն, ինչպես նաև զարգացնի պահեստազորայինների նոր համակարգը։ Սահակաշվիլին խոստացել է նաև, որ մինչ այս տարվա ամառ Վրաստանը կունենա 70-հազարանոց վերապատրաստված պահեստազոր։

«Մենք սկսել ենք Վրաստանի պահեստազորայինների համակարգը զրոյից ստեղծել։ Եվ ներկա պահին ունենք 30-հազարանոց բանակ, սակայն բացի դրանից մեզ նոր պահեստազորայիններ են պետք։ Մենք բացառիկ արդյունքներ ենք գրանցել, քանի որ բոլոր գյուղերում, ուր գնացել են ՊՆ-ից, [որպես պահեստազորային] գրանցվել են բոլոր տղամարդիկ՝ անկախ ազգությունից։ Հարյուր տոկոսանոց արդյունքներ են գրանցվել ադրբեջանաբնակ գյուղերում։ Այդ զարմանալի արդյունքները նյարդայնացնում են մեր թշնամուն»,— հայտարարել է Վրաստանի նախագահը։ Նրա խոսքերով նոր համակարգը ներդնելու անհրաժեշտությունը երևացել է 2008 թվականի պատերազմի ժամանակ, և Վրաստանը մտադիր է մինչև 2013 թվականը պահեստազորայինների քանակը հասցնել 150 հազարի։

Պատերազմից արված մյուս հետևությունը սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելու անհրաժեշտությունն է։ Վրաց-օսական պատերազմից հետո շատ երկրներ հրաժարվեցին Վրաստանին զինամթերք մատակարարել, ինչն էլ խթանեց սեփական ռազմական արդյունաբերության զարգացումը։

«Դելտան» Թբիլիսիի ավիաշինական և տանկանորոգման գործարանների հիմքի վրա ստեղծված ընկերություն է։ Այցի ժամանակ Սաակաշվիլիին ներկայացրել են ձեռնարկությունում արտադրած ռազմական տեխնիկան։ Այդ ընկերությունը նախկինում արդեն ներկայացրել է իր «Դիդգորի» զրահափոխադրիչը, «Լազիկա» հետևակի մարտական մեքենան, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ու անօդաչու թռչող սարք։ Ընկերությունը զբաղվում է նաև զինամթերքի և թեթև սպառազինության արտադրությամբ, իսկ, Սաակաշվիլու խոսքերով, 2013 թվականից զբաղվելու է նաև մարտական (հարվածային) անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։

Նշենք սակայն, որ Վրաստանի ռազմական արդյունաբերության այս հաջողությունները զգալի չափով ուռճացված են։ Մենք արդեն անդրադարձել ենք «Լազիկա» հետևակի մարտական մեքենային, որը խորհրդային ԲՄՊ-1 ՀՄՄ հիման վրա է ստեղծվել և որի մի շարք լուրջ խնդիրներ անմիջապես աչքի են ընկնում։ Հարցեր կան նաև վրացական համազարկային կրակի ռեակտիվ կայանի վերաբերյալ, որն իրականում հայտնի խորհրդային «Գրադ» համակարգն է` մոնտաժված ոչ թե «Ուրալ» այլ` «ԿրԱԶ» մեքենայի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *