Հարմիկ Հովսեփյանը պատմում է զինադադարի ժամանակ արված լուսանկարի մասին. մի նկարի պատմություն

Ռազմինֆոն շարունակում է ներկայացնել Արցախյան պատերազմի լուսանկարներն ու դրանց հերոսներին, ովքեր տարիներ անց վերհիշում են պատերազմական դրվագները։ Այսօրվա մեր զրուցակիցն է Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը։

Նկար՝ Արցախյան պատերազմից.  Աջում՝ Համրիկ Հովսեփյանն է

Նկար՝ Արցախյան պատերազմից.
Աջում՝ Հարմիկ Հովսեփյանն է

«Պատերազմի վերջն է, 1994-ի մայիսը, ուղղակի չեմ հիշում արդեն զինադադարը կնքվե՞լ էր, թե հաջորդ մի քանի օրվա ընթացքում էր կնքվելու։ Փափրավենդ գյուղում ենք, մեր շտաբի շենքն է։

Չեմ հիշում, թե ինչ, բայց երևի ինչ-որ բան եմ ասել, որ տղաներն այդպես հրճվանքով ինձ են նայում։ Ձախից` թիֆլիսեցի Էդոն է, ապարանցի Ազատը, բժիշկ Նորիկը, հրազդանցի Վարդանը, պառկածը Ռոմիկ Մարգարյանն է, այն ժամանակ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալն էր, որովհետև Պետոն արդեն նահատակվել էր։ Մյուսը Բորիս Տեր-Հովհաննիսյանն է, Արտաշես Մխիթարյանն ու ես։ Կիսահանգիստ վիճակում ենք։ Ճիշտ է՝ ամեն օր զոհեր ունենում էինք, ընկերներ կորցնում, բայց այդ ամենի մեջ աշխատում էինք պահել ընտանեկան հարաբերությունները։ Ոչ հայր ունես, ոչ մայր, ոչ հարազատ, մի մարտական ընկեր ունես, որի համար կյանքդ էլ կտաս, ու այդպես էլ ապրում էինք»,- պատմում է Հարմիկ Հովսեփյանը:

Հարմիկ Հովսեփյանը եկել է Իրանից։ Ռազմինֆոյին պատմում է Հայաստան գալու ու այստեղ մնալու մասին:

Համրիկ Հովսեփյան

Հարմիկ Հովսեփյան

«Առաջին անգամ 6 ամսով Իրանից եկել եմ Հայաստան 1990-ին։ Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, ես գնացի մեր պատասխանատու ընկերներից մեկին առաջարկեցի, որ պատրաստ եմ գալու։ 1990-ին բախտ վիճակվեց, որ ես ու իմ ընկեր Հենրիկը գանք Հայաստան։ Կապ պահեցինք Դաշնակցության հետ ու մեզ ուղարկեցին Շահումյանի շրջան։ Ինձ համար իբրև հայ անտանելի էր պատկերացնել, որ իմ ժողովուրդը կենաց-մահու կռիվ է տալիս, իսկ ես այստեղ՝ Պարսկաստանում, կյանքս եմ վայելում։ Մայրս բավականին գիտակից կին էր, ու գալուս մասին գիտեին միայն ինքն ու կինս։ Իսկ շրջապատին ասել էինք, թե Գերմանիա եմ գնում, ու բոլորը մտածում էին, թե հիմա ինչե՜ր եմ անելու էնտեղ։ (Ժպտում է) Եկա, Շահումյան ուղարկեցին»,- հիշում է ազատամարտիկը:

Ըստ Հովսեփյանի՝ Իրանում Դաշնակցությունն բավականին մեծ դեր ուներ զինվորական պատրաստության համար, բանակումներ էին արվում։ Բայց, ինչպես հերոսն է նշում, ամենամեծ դպրոցն իր համար Արցախյան պատերազմն է եղել, որի ժամանակ բախտ է ունեցել հանդիպել Շահեն Մեղրյանին և Թաթուլ Կրպեյանին։

Նկարը՝ Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *