Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով

Ռուսաստանյան «ՄիԳ» ավիաշինական կոնցերնը մինչև 2014-ի վերջը ՌԴ ռազմածովային ուժերին կմատակարարի 10 միավոր ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչ, որոնք կհամալրեն 279-րդ ավիագնդի շարքերն ու կշահագործվեն ռուսաստանյան նավատորմի միակ ավիակրի՝ Ադմիրալ Կուզնեցովի վրա։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին

ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին

«ՄիԳ» ավիաշինական ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը հիշեցրել է, որ 2012-ի փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսվում է մինչև 2015-ը մատակարարել 24 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնցից 20-ը «Կ», իսկ 4-ը «ԿՈւԲ» մոդիֆիկացիայի։

Նշենք, որ ներկայումս ՌԴ ռազմածովային ուժերի Ադմիրալ Կուզնեցով ավիակրի վրա հերթապահություն են իրականացնում 10 միավոր Սու-33 կործանիչ ու 2 Սու-25 գրոհիչ։ Մինչև 2015-ը Սու-33 կործանիչների շահագործման ժամկետը սպառվելու է և հենց դրանց են փոխարինելու ՄիԳ-29 ինքնաթիռները։

Հավելենք նաև, որ 2014-ի փետրվարին ավիաշինական կոնցերնի տնտեսական և ֆինանսական մասի պատասխանատու Սերգեյ Մամաևը հայտարարել էր, որ մինչ 2017-ը նախատեսվում է կրկնապատկել արտադրության ծավալները։ Եթե ներկայումս ձեռնարկությունը տարեկան արտադրում է 16 ինքնաթիռ, ապա 2017-ին ծավալները նախատեսվում է հասցնել տարեկան մինչև 30-ի։

ՄիԳ-29 կործանիչի առաջին մոդիֆիկացիան շահագործման է հանձնվել 1983-ին։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի ավելի քան 1 600 միավոր։ Այն շահագործվում է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Կործանիչը կարող է զարգացնել մինչև 2 100 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում ունի հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։

One response to “Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով

  1. Pingback: Միջերկրականում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը վթարվել է անսարքության պատճառով. ՌԴ ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *