«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի քննարկում և եկել այն եզրակացությանը, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին: Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է՝
1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ հանրապետության քաղաքացիներին և նրանց անօտարելի իրավունքներին և ազատություններին, հանրապետության ինքնիշխանությանը, դրա տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը սպառնացող հետևանքների հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որը, հակառակ Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածի պահանջների, չի հետևել Սահմանադրության պահպանմանը` հանգեցնելով նման հակասահմանադրական օրենքի ընդունման, ստորագրել է այն:
2. Ժողովուրդն իրավունք ունի Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին համապատասխան իրականացնելու իր անօտարելի իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` իր ինքնիշխանության վերահաստատման, սահմանադրական կարգի հաստատման և փոփոխման իրավունքները, այդ նպատակով իրացնելու հավաքների, խոսքի և այլ ազատությունների իրավունքը:
3. Զինծառայողներն իրավունք ունեն զինվորական ծառայության սահմանափակումների հաշվառմամբ անմիջականորեն գործել մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով պետության սահմանափակում նախատեսող Սահմանադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան` այդ նպատակով հրաժարվելով կատարել արտակարգ դրության պայմաններում հանրապետության զինված ուժերի զինծառայողներին արտակարգ դրության ռեժիմի ապահովմանն ուղղված հրամանների կատարումից:
Հայտարարությունում նշվում է, որ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածով սահմանված` զինված ուժերի խնդիրների և 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված` զինված ուժերի օգտագործման դեպքերին, իսկ Սահմանադրությունը չի նախատեսում զինված ուժերի օգտագործման հնարավորություն արտակարգ դրության դեպքում: