Թուրք-ռուսաստանյան սևծովյան մրցակցությունը՝ ղրիմյան իրադարձությունների համատեքստում

Արդեն կայացած փաստ է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում է, թեև միջազգային հանրությունը չի  ճանաչում սա։ Եվ ահա Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու փաստը հաշվի առնելով՝ Սև ծովում ստեղծված նոր ռազմական իրավիճակը գնահատելու կարիք կա, քանի որ այստեղով է Հայաստանն ապահովում իր հիմնական ջրային կապն այլ պետությունների հետ։

Սև ծով

Սև ծով

Հայտնի է, որ Սև ծովում ռազմական տեսանկյունից երկու խոշոր խաղացողներն են Թուրքիան և Ռուսաստանը։ Եվ դարեր շարունակ նրանք մրցակցել են ու պատերազմել Ղրիմի թերակղզուն տիրելու համար։

Եվ այսօր վերոնշյալ պետությունները Սև ծովում ունեն ամենախոշոր և մարտունակ ռազմածովային ուժերը, և այս առումով նրանց միջև որոշակի հավասարակշռություն էր պահպանվում վերջին տարիներին։

Անդրադառնալով  ռազմաքաղաքական համատեքստին, ապա հստակ է՝ Ղրիմն իր կազմում ընդգրկելով Ռուսաստանի զգալի ամրապնդում է իր դիրքերը սևծովյան ավազանում։

Եթե նախկինում Ղրիմն ու մասնավորապես Սևաստոպոլը, որոնք Ուկրաինայի կազմում էին, ժամանակավոր օգտագործվում էին ՌԴ ԶՈւ նավատորմի կողմից, իսկ Կիևի կողմից դրա տեղակայման պայմանագիրը խզելու վտանգն ու այլ խնդիրներ մշտապես առկա էին, ապա այժմ Ղրիմն ամբողջովին անցել է ռուսաստանյան իշխանության ներքո, ինչը նշանակում է, որ Մոսկվան կարող է օգտագործել ոչ միայն թերակղզու ամբողջ տարածքը, այլ նաև հանգիստ լինել ռազմաբազաների առումով, որոնք արդեն իսկ դե ֆակտո ռուսաստանյան տարածքներ են։

Այսպիսով, բացի այն, որ Ռուսաստանը ստանում է Սև ծովում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածք, այն նաև ապահովում է այդ տարածքում իր ռազմաբազաների անխափան և հանգիստ գործունեությունը հետագա տարիներին։

Հայտնի է, որ ՌԴ-ի Սևծովյան նավատորմը հիմնականում կենտրոնացած էր հենց Ղրիմում, մասնավորապես, Սևաստոպոլում և այս նավահանգստի կորուստը լուրջ հարված կլիներ ռուսաստանյան կողմի համար, սակայն իրադրության հետագա զարգացումը լուրջ դժգոհության և անհանգստության առիթ է տալիս Սև ծովի մյուս հիմնական ուժի՝ Թուրքիայի համար։ Անկարան Ուկրաինայում սկսված իրադարձությունների ընթացքում և դրա հետևանքով Ղրիմի խմորումների ժամանակ բարձրաձայնում էր, թե կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, փորձում էր դրա համար օգտագործել Ղրիմի թաթարների լծակը՝ համարելով նրանց թուրքերի ցեղակիցներ։

Իհարկե, Թուրքիայի համար խիստ կարևոր էր, որպեսզի ռազմավարական մեծ նշանակությամբ այս տարածքը մնար Ուկրաինայի կազմում և ամբողջովին չանցներ սևծովյան ավազանում մրցակից Ռուսաստանին, որը լուրջ առավելություն կստանար այս շրջանում։ Եղավ այն, ինչն ամենաքիչն էր Անկարայի շահերից բխում։ Այսպիսով, ներկայում Ռուսաստանը ստանում է տարածաշրջանային նշանակության կարևոր տարածք և ավելի լայն հնարավորություն Սև ծովում ուժեղացնելու իր ազդեցությունն ու ռազմական ներկայությունը։

Այս ամենը կարևոր է դիտարկել նաև Հայաստանի շահերի տեսանկյունից, քանի որ Սև ծովում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը չի բխում մեր պետության շահերից այն պարզ պատճառով, որ հարևան երկիրը մեր դեմ վարում է ակնհայտ թշնամական քաղաքականություն, և ինչպես վերը նշեցինք, Սև ծովը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Այնպես որ թուրքական ազդեցությանը նվազումը (կամ էլ դրա չավելացումը) սևծովյան ավազանում ներկայում ստեղծված իրավիճակում համընկնում է հայկական շահերի հետ։

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *