TEKEVER Autonomous Systems եվրոպական ընկերության AR4 Light Ray անօդաչու թռչող սարքը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ռազմածովային ուժերի կայանում ապրիլի 16-ին փորձարկումների ընթացքում արձակումից վայրկյաններ անց ընկել է ջուրը։
Ինչպես հաղորդում է պորտուգալական Publico.pt լրատվակայքը, փորձարկումներին հետևել են երկրի պաշտպանության նախարար Խոսե Պեդրո Ագուիար Բրանկոն և ՌԾՈւ ԳՇ պետ Մասիեյրա Ֆրագոզոն։ Անօդաչուի սպասվելիք թռիչքին հետևում էին նաև լրագրողները։
Ըստ աղբյուրի՝ իսկական զավեշտ էր, երբ պաշտպանության նախարարի «անօդաչուն շատ արդյունավետ է լինելու նավատորմի գործողություններում» բառերից հետո ԱԹՍ-ն արձակեցին կառամատույցից, և օդ բարձրանալու փոխարեն այն ընկավ ջուրը։ ԱԹՍ-ի անհաջող արձակման տեսանյութը շուտով հայտնվեց YouTube-ում, և այժմ ունի ավելի քան 696 հազար դիտում։
AR4 Light Ray անօդաչուի երկարությունը 150 սմ է, թևերի բացվածքը՝ 180 սմ, զանգվածը՝ 2 կգ, արագությունը՝ 58 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 2-3 ժամ։