Համացանցում տարածվել է Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների ևս մեկ տեսանյութ

Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտնչող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»  ծայրահեղ իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի զինյալների մասնակցությամբ հերթական տեսանյութը տարածվել է համացանցում։ 

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, տեսանյութում ադրբեջաներեն խոսող զինյալները ներկայացնում են Եփրատ գետի ափին իրենց նվաճած տարածքը, հավաստիացնում, որ «նոր ստեղծվող խալիֆայությունն արդեն ունի հիդրոէլեկտրակայան, հացատուն, դատարան, ոստիկանություն, որոնք գործում են շարիաթի համաձայն»։ Զինյալը խոսքն ավարտում է մոտ ժամանակներս «խալիֆայության ստեղծման մասին սպասվող հայտարարության» վերաբերյալ սպառնալիքներով։

Համաձայն ԱՊԱ-ի՝ տեսանյութում երևացող ադրբեջանցի զինյալներից մեկը կրում է Թոլչուբաշև ազգանունը։ Նշենք, որ նման ազգանունով Սիրիայում կռվող զինյալ բաց աղբյուրներից մեզ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլն ապրիլի 10-ին լուրեր էր տարածել ևս 2 ադրբեջանցի զինյալների՝ Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտերում սպանվելու մասին։ Ընդ որում, համաձայն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալների՝ նրանք երկուսն էլ սերում են Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Գախի շրջանից, որը մի կողմից սահմանակից է Վրաստանին, մյուս կողմից՝ Դերբենդին։

Սպանվածներից մեկն 1981-ին ծնված Իբրահիմ Քերիմովն է, մականունը՝ «Ջունդուլա Ազերի», նա սպորտի վարպետ է եղել։ Մյուսը 1987-ին ծնված Սամիր Սադեդին օղլու Մաղերամովն է։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Քերիմովը Սիրիա է մեկնել մեկ տարի առաջ կնոջ ու 3 երեխաների հետ։ Ներկայումս պարզ չէ՝ արդյոք նրա ընտանիքի անդամները ողջ են։

Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Տե´ս նաև։ Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրում այժմ էլ մեղադրում են գյուլենականներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *