Ուկրաինայի ՌԾՈւ նախկին հրամանատարը՝ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 21-ի իր հրամանագրով հաստատել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով պաշտոնական Կրեմլին, նույն հրամանագրով Ռուսաստանի նախագահը փոխծովակալ Իգոր Սմոլյակին նշանակել է Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանի ղեկավար՝ միաժամանակ նրան հեռացնելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի 36-րդ դիվիզիայի հրամանատարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ մարտի վերջին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրիմ կատարած աշխատանքային այցի ընթացքում Դենիս Բերեզովսկուն նշանակել էր Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Տուրչինովի մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։ Այնուհանդերձ, մեկ օր անց՝ մարտի 2-ին, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը հայտարարել էր՝ Բերեզովսկին երդում է տվել Ղրիմի ժողովրդին, և որ Ղրիմում արդեն ստեղծվել են սեփական ռազմածովային ուժերը, որոնց հրամանատարը հենց Բերեզովսկին է։

Ուկրաինական կենտրոնական իշխանություններն ի պատասխան Բերեզովսկու նման քայլին՝ նրա նկատմամբ «պետական դավաճանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել։

Մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *