Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից

Ռազմագիտություն լրագրողների և մեդիա-ակտիվիստների համար

Բանակի մասին թեժ քննարկումներից պարզ դարձավ, որ արդեն 20 տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում առ այսօր չկան անկախ ռազմական էքսպերտներ, չկան ռազմական անկախ մասնագիտական հանդեսներ։

Համատարած անտեղյակության հետևանքով լրատվամիջոցներում ու համացանցային հարթակներում հաճախ հրապարակվում են անգրագետ և իրականությունից բացարձակապես կտրված նյութեր։ Հայկական տեղեկատվական դաշտի գրեթե բոլոր սեգմենտներում էլ անկախ մասնագետների պակաս կա և, ինչպես ռուսներն են ասում. «Пока гром не грянет, мужик не перекрестится»։ Բայց հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ամենաառաջնահերթն այնուամենայնիվ բանակի հարցն է։

Առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ, ՉՍՊԱՍԵԼ (… դրամաշնորհների, պետական աջակցության, վերին ուժերի միջամտության), ինքնակազմակերպվել և ինքնակրթվել հենց հիմա։

Ինչպե՞ս։ Փորձեմ պատասխանել՝ բաժանելով ըստ կոնկրետ ուղղությունների։

Ա. Ռազմագիտական ներածական դասընթաց. 3–4 պարապմունք
Բանակի մասին գրողներից շատերը չունեն տարրական ռազմագիտական գիտելիքներ։ Ոմանք ի վիճակի չեն տարբերել լեյտենանտին փոխգնդապետից կամ վաշտը գումարտակից։ Ըստ այդմ առաջարկում եմ սկսել ռազմագիտության ինտենսիվ դասերից, որը կտա բազային գիտելիքներ բանակի կառուցվածքի և սպառազինության մասին։ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը (որն, ի դեպ, ռազմագիտության ուսուցիչ է դպրոցում) համաձայնեց մի քանի պարապմունք անցկացնել մեզ հետ։

Բ. Տեղեկություններ տարածաշրջանի զինված ուժերի մասին. 2–??? պարապմունք
Տվյալ պահին նախնական համաձայնություն կա մի քանի փորձագետների հետ, որոնք կարող են պատմել տարածաշրջանում ռազմական բալանսի մասին, Թուրքիայի և Վրաստանի բանակների մասին, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-ՆԱՏՕ, Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության մասին։ Որոնում ենք մասնագետներ, ով կկարողանային պատմել Ադրբեջանի և Իրանի բանակների մասին։

Գ. Հոգեբանական-տեղեկատվական գործողություններ. 3–4 պարապմունք
Ինչպես են վարում քարոզչությունը պատերազմի ժամանակ, ինչպես են ընտրվում թիրախներն ու ինչպես են մշակվում ուղերձները և այլն։ Այս բաժինը ես կվարեմ, քանի որ արդեն 3 տարի է այդ թեմայով դասախոսություններ եմ կարդում։ Բացի դասախոսություններից կլինի նաև ռազմավարական խաղ, որի մասնակիցները կփորձեն իրենք պլանավորել և անցկացնել քարոզարշավներ։

Դ. Իրավական խնդիրներ, մարդասիրական իրավունք. եռօրյա սեմինար
Համաձայնություն կա մասնագետների հետ։

Ե. Տարածաշրջանի հակամարտություններ, այդ թվում և հայ-ադրբեջանական հակամարտություն. 4–??? պարապմունք

  • Արցախյան պատերազմի ժամանակագրություն. ինչն ինչից հետո է եղել, ինչ ուղղություններով են զարգացել իրադարձությունները մարտի դաշտում և ինչու։ Մասնագետ կա։
  • Վրաց-օսական, վրաց-աբխազական հակամարտություններ։ Մասնագետ դեռ փնտրում եմ։
  • Հյուսիսային Կովկաս։ Մասնագետ դեռ փնտրում եմ։
  • Քուրդ-թուրքական հակամարտություն։ Մասնագետ կա։
  • Իրաք։ Մասնագետ դեռ փնտրում եմ։
  • Խաղաղապահության միջազգային փորձ։ Կա պատրաստի դասախոսություն-կինոդիտում այս թեմայով։

Բացի վերոհիշյալ բաժիններից, կփորձենք կազմակերպել հանդիպումներ թե´ բանակի ներկայացուցիչների, թե´ իրավապաշտպանների, թե´ այլ մասնագետների հետ։ Նաև նախատեսում եմ կազմակերպել քննարկումներ և կինոդիտումներ այս թեմաներով։

Դասաշարն ամենայն հավանականությամբ կտևի երեք ամիս՝ շաբաթական մեկ-երկու հանդիպում ռեժիմով։ Ընթացքում պարզ կլինի, թե որ թեմաներն են ավելի առաջնահերթ, որ թեմաներն ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն, ըստ այդմ փոփոխություններ կմտցնենք նախնական պլանի մեջ։ Նաև կփորձենք իրար օգնել. գրականություն հայթայթել, քննարկել ու քննադատել միմյանց նյութերը։

ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ

  • Ներբեռնել և լրացնել դիմումը [ application-military-experts.doc ] և լրացված դիմումը մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ուղարկել [email protected] էլփոստի հասցեով։
  • Նոյեմբերի 3–10 անցնել առցանց (online) հարցազրույց։

Դասընթացն անվճար է և նախատեսված է լրագրողների և ընդհանրապես լրատվամիջոցների աշխատողների, բլոգգերների և սոցիալական ցանցերում ակտիվ գրող անձանց համար։

18 responses to “Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից

  1. Pingback: Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից « prshik

  2. Pingback: Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից « Կորեոլան

  3. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել SharbatՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *