Չարենցավանի հաստոցաշինական գործարանը և ռուսական տանկաշինական հսկան ստորագրել են շրջանակային պայմանագրեր

Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը։

Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ-Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մ. Իսախանյանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի ղեկավարներ և անդամներ։

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր։

Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվել են շրջանակային պայմանագրեր։

Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինին և ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա.Նոզդրաչովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը։

Հավելենք, որ Չարենցավանի հաստոցաշինական գործարանը զբաղվում է հայկական բանակի զրահատեխնիկայի նորոգմամբ և արդիականացմամբ, իսկ «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է Ռուսաստանում, որը մասնավորապես զբաղվում է տանկերի արտադրությամբ, արդիականացմամբ և նորոգմամբ։

One response to “Չարենցավանի հաստոցաշինական գործարանը և ռուսական տանկաշինական հսկան ստորագրել են շրջանակային պայմանագրեր

  1. Pingback: ՀՀ նախագահը խոսել է Կոտայքում ռազմարդյունաբերական գործարանների հնարավոր վերաբացման մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *