Մարտական պայմաններում վիրավորված 2 զինծառայող, 3 ոչ մարտական կորուստ՝ մեկ շաբաթվա ընթացքում: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում զորավարժություններ են անցկացվել: Ղազախստանի պաշտպանության նախարարն այցելելու է Ադրբեջան:
-Առաջնագծի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Էլմիրադա Ղուրբանալիզադեն ու Ասիմ Գուլիևը հրազենային վնասվածք են ստացել ադրբեջանական կողմի վարկածով՝ «հայկական գնդակից»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, սակայն չի նշել՝ առաջնագծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը։ Հայտնի է միայն, որ վերոհիշյալ երկու զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ։
-Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է նաև ոչ մարտական պայմաններում գրանցված կորստի մասին. ԶՈւ զինծառայող Աֆիյադին Ջավադովը, նախնական վարկածով՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով, հրազենից կրակել ու վիրավորել է ծառայակից Նիջադ Գաջիզադեին։ Տուժած զինծառայողը հոսպիտալի ճանապարհին մահացել է։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
-Նախիջևանի զորամասերից մեկի զինծառայող Քյամրան Ռուսթամ օղլու Ջալիլովը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարկածով, հրազենային վնասվածք է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։ Զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։ Հայտնի է նաև, որ Ջալիլովը զորակոչվել է Ադրբեջանի թալիշաբնակ Լենքորանի շրջանից։
-Ադրբեջանի զինված ուժերի շարքային զինծառայող Ֆիրդովսի Ֆիքրեթ օղլու Նասիբովն ինքնասպան է եղել՝ կախվելով զորամասում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկությունը հաստատել է, սակայն չի հրապարակել՝ որ հատվածի զորամասում է գրանցվել միջադեպը, և թե ինչ դրդապատճառներով։ Հայտնի է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Բաքվի Նեսիմի շրջանից։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ սա 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հաղորդած արդեն 11-րդ կորուստն է: Ընդ որում, ապրիլ ամսվա կտրվածքով Նախիջևանի տարածքի զորամասերում արձանագրվել է մահվան ելքով 1 դանակահարություն, 1 ինքնասպանություն և վիրավորվելու վերոհիշյալ դեպքը։
-Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում ադրբեջանական զինուժն ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում զորավարժություններ է անցկացրել՝ այդ թվում օդուժի, ցամաքային զորքերի, ՀՕՊ ստորաբաժանումների, հրթիռային զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ: Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ դրանց մասնակցել է ընդհանուր առմամբ 11 բրիգադ, 400 միավոր ռազմական տեխնիկա:
-Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատնից տեղեկացրել են, որ սույն թվականի ապրիլի 21-22-ը Ղազախստանի պաշտպանության նորանշանակ նախարար Սերիք Ահմեդովը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան՝ հանդիպումներ ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի, ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։ Ահմեդովը նաև այցելելու է Ադրբեջանի ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Սա լինելու է նորանշանակ նախարարի առաջին արտերկրյա պաշտոնական այցը։
Դեսպանատնից շեշտել են, որ այցի ընթացքում որևէ երկկողմ պայմանագրի կնքում ծրագրված չէ։
Հիշեցնենք, որ Ղազախստանը Կասպից ծովում ջրային տարածքներ ունեցող հինգ երկրներից մեկն է։ Մնացյալներն են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Իրանը։
Ռազմաշաբաթը նաև՝