Նոր ռադիոլոկացիոն կայան Հայաստանո՞ւմ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցել է «Կոմերսանտ» թերթի թղթակցի հետ, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտ տեղակայված ռադիոլոկացիոն կայանին:

Լրագրող Ելենա Չեռնիչենկոյի՝ «Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը չկարողանան պայմանավորվել Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության վերաբերյալ, ապա հնարավորություն կա՞, որ Հայաստանը համաձայնի համանման կայան կառուցել իր տարածքում» հարցին ի պատասխան վարչապետն ասել է. «…Եթե մեր տարածքն այդպիսի հետաքրքրություն է հարուցում, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը» և նշել, որ ընդգրկման հարցում Հայաստանի լեռնային դիրքը նույնիսկ կարող է առավելություն լինել:

Գաբալայի ՌԼԿ-ի մասին քննարկումները վերջին օրերին, կարծես թե, կրկին աշխուժացել են: Ապրիլի 3-ին այս մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարարը և հայտարարել, թե Ռուսաստանը չի պատրաստվում ամերիկացիներին տրամադրել Գաբալայի ՌԼ կայանի հավաքագրած տեղեկությունները: Լավրովը հույս է հայտնել նաև, որ թե Գաբալայի, թե Ռուսաստանի տարածքում կառուցվող նոր ՌԼ կայանի տեղեկությունները կօգտագործվեն համատեղ՝ հակահրթիռային սպառնալիքներին հետևելու նպատակով: Նա նաև նշել է, որ ներկայումս Ադրբեջանը քննարկում է ռուսական կողմի ներկայացրած առաջարկները:

ՏԵՂԵԿԱՆՔ

Գաբալայի ՌԼ կայանը գործարկվել է 1985թ., շինարարությունը սկսվել է 1976թ.: Կայանը նախատեսված է Ասիայից և Հնդկական օվկիանոսի ավազանից արձակվող բալիստիկ հրթիռները հայտնաբերելու, ինչպես նաև հարավային հատվածի տիեզերական օբյեկտներին հետևելու համար: Կայանը հնարավորություն ունի հայտնաբերելու 300-ից 7200 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԼ կայանը գործում էր առանց իրավաբանական ձևակերպումների, և Ադրբեջանը բազմիցս պահանջել է վճարել կայանի վարձակալության դիմաց՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել նրա շահագործումը: 2002թ. Ռուսաստանը կայանի շահագործման պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ, ըստ որի ռուսական կողմը պետք է հատուցեր 1997-2001թթ. ընթացքում կայանի շահագործման ծախսերը (մոտ 31 մլն դոլար) և տարեկան վճարեր 7 մլն դոլար (Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը պահանջում էր տարեկան 20-30 մլն դոլար): Այդ պայմանագրով Ռուսաստանը պարտավորվում էր օգտագործել կայանը միայն տեղեկատվական-վերլուծական նպատակներով և տեղեկություններ տրամադրել նաև Ադրբեջանին: Պայմանագրի ժամկետը սպառվում է 2012թ. դեկտեմբերին:

2007թ. ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկում է Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու փոխարեն համատեղ օգտագործել Գաբալայի կայանը: ԱՄՆ-ն մերժում է այդ առաջարկը:
Այս տարվա սկզբին սկսվել են կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու բանակցությունները, որոնց ընթացքում ի հայտ են եկել որոշ բարդություններ: Փետրվարի վերջին ռուսական «Կոմերսանտը», հղում անելով ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությանը, նշում է, որ ադրբեջանական կողմը Գաբալայի կայանի վարձակալության համար պահանջում է տարեկան մինչև 300 մլն դոլար: Մարտի սկզբին, սակայն, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում տեղաշարժ է արձանագրվել:

Աղբյուրներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ» թերթին
Что такое Габалинская РЛС
МИД: Россия не будет передавать США данные с РЛС в Габале
МИД: Переговоры с Азербайджаном об аренде РЛС близки к концу
Габалинская радиолокационная станция (РЛС)
Азербайджан требует от России больше денег за аренду РЛС в Габале ” Ъ
«Ադրբեջանի կողմից գնված զենքը չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ». Արծրուն Հովհաննիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *