Կրքեր «Կովկաս-2012» զորավարժության շուրջ

Ապրիլի 3-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն իր անհանգստությունն է հայտնել «Կովկաս-2012» զորավարժության վերաբերյալ, որը Ռուսաստանը նախատեսում է անցկացնել այս տարվա սեպտեմբերին: Նա հայտնել է, որ այդպիսի ծավալի զորավարժություն անցկացվել է նաև 2008թ. օգոստոսին, ինչին հաջորդել է ռուս-վրացական պատերազմը:

Իսկ դրա նախորդ օրը` ապրիլի 2-ին, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ ասել էր, թե Վրաստանին անհանգստացնում է այդ զորավարժությունը, քանի որ նախատեսվում է օգտագործել ՌԴ տարածքից դուրս գտնվող` այդ թվում Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի ռազմակայանները:

Այս հարցն այնքան է անհանգստացնում վրացական կողմին, որ այն սպասում է ռուսական կողմի պաշտոնական հավաստմանը, որ զորավարժությունն իրականացվելու է միայն ՌԴ տարածքում տեղակայված զորքերի ուժերով:

Այս տարվա սկզբին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին «Կովկաս-2012» զորավարժությունների մասին: Դրանց անցկացումը որոշ վերլուծաբաններ պայմանավորում էին Իրանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությամբ: Կա նաև տեսակետ, թե դա իսրայելա-ամերիկյան համատեղ զորավարժության` «Խստաշունչ մարտահրավեր-12»-ի պատասխանն է լինելու (Զորավարժությունը հետաձգվել է): Իսկ որոշ փորձագետներ էլ ենթադրում են, որ զորավարժության սցենարը ենթադրում է ոչ միայն հնարավոր պատերազմ Իրանում, այլև Կասպիական ավազանում և Հարավային Կովկասում:

ՌԴ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը դեռ 2011թ. վերջին որոշ մանրամասներ էր հայտնել նախատեսվող զորավարժության մասին: Ըստ նրա` «Կովկաս-2012»-ին ներգրավվելու են Ռուսաստանի ԶՈՒ գրեթե բոլոր զորատեսակները` ռազմաօդային և ռազմածովային ուժերը, օդադեսանտային զորքերը, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև` ՆԳՆ, ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն), ԱԻ ստորաբաժանումներ և այլն:

Հաշվի առնելով վերջին պատերազմի դառը փորձը` Վրաստանն անհանգստանալու տեղ ունի, քանի որ, ըստ որոշ վերլուծաբանների հենց 2008թ. օգոստոսին նախորդած զորավարժությունը հնարավորություն տվեց ռուսական կողմին զորքերը բերել մարտական պատրաստության բարձր մակարդակի և պատերազմի ժամանակ կարճ ժամանակում ջախջախել վրացական բանակը: Այժմ Վրաստանը փորձում է Ռուսաստանից պաշտոնական հավաստում ստանալ այն մասին, որ զորավարժությունը լինելու է միայն օպերատիվ-շտաբային. «Մենք մի քանի անգամ Մոսկվայից պահանջել ենք արձանագրել, որ, ինչպես իրենք են հաղորդում, զորավարժությունը օպերատիվ-շտաբային է, և ո՞րն է այն մեր տարածաշրջանում անցկացնելու նպատակը: Սակայն առ այսօր պատասխան չենք ստացել: Եվ պատահական չէ, որ զորավարժությունը պլանավորված է այնպես, որ դրա հիմնական փուլը համընկնում է մեր ընտրությունների հետ»,- ասել է Վաշաձեն:

Մինչ արտաքին գերատեսչության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնում ռուսական զորավարժության մասին, նախագահ Սահակաշվիլին Բրյուսելում մասնակցում է Վրաստան-ՆԱՏՕ կոմիտեի նիստին: ՆԱՏՕ-ի գլխավոր Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ապրիլի 3-ին Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո նշել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները երկրի ժողովրդավարության համար կարևոր փորձություն են:

Ցավակցելով Աֆղանստանում զոհված վրացի զինվորների հարազատներին` Ռասմուսենը նշել է, որ Աֆղանստանում խաղաղարար առաքելության մասնակցությամբ Վրաստանը ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի խնդրին, նշելով, որ «Դաշինքի անդամները ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չեն ընդունում Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի ընտրությունները»: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Աղբյուրներ.
Тбилиси о военных учениях РФ “Кавказ-2012”
Стратегические учения «Кавказ-2012»…
Расмуссен: «Парламентские выборы в Грузии будут важным экзаменом для демократии страны»
Вашадзе разделяет мнение Бокерия об опасности новой российско-грузинской войны

One response to “Կրքեր «Կովկաս-2012» զորավարժության շուրջ

  1. Pingback: Ռուսաստանը պատրաստվում է «Կովկաս 2012» զորավարժություներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *