Սերժ Սարգսյանը և Սերգեյ Լավրովը ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել: ԵԿՄ 70 անդամներ դուրս են գալիս կառույցից: Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայում յուրացրել են սաներին հատկացվող սնունդը, իսկ զորամասում վառելիքի յուրացումներ են բացահայտվել:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին:
- Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
- Պարգև Սրբազանը Արցախի թեմի հոգևորականներին հորդորել է ցանկացած կերպ աջակցել ՊԲ հոգևոր սպասավորներին, նպաստել բանակում հոգևոր-բարոյական արժեհամակարգի ամրապնդմանն ու զարգացմանը:
- «Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանի պաշտոնից ազատման պատճառը թույլ կարգապահությունն է եղել, իսկ պաշտոնում նշանակվել է Ջաբրայիլի հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը»,- անդրադառնալով օրերս գրանցված պաշտոնանկություններին՝ գրում է 1in.am-ը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացառել է Իրանի դեմ որևէ գործողությանը Ադրբեջանի ներգրավումը:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հերքել է լուրերն այն մասին, թե Իրանի հետ հակամարտող Իսրայելն իրավունք է ստացել օգտագործել Ադրբեջանի ռազմաբազաները:
Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայում ձերբակալություններ են սկսվել, քանի որ յուրացվել է դպրոցին հատկացված սնունդը: Բաքվի զորամասերից մեկում անցկացված ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ վառելիքային յուրացումների դեպք է բացահայտվել: Ստուգումների հետևանքով ձերբակալվել են գումարտակի հրամանատարը` կոչումով մայոր, ինչպես նաև երկու սերժանտ և մեկ կրտսեր սպա:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Թուրքիայի զինված ուժերում ծառայողների թիվը 2012-ի ապրիլի դրությամբ ավելացել է 12 հազարով՝ կազմելով 726 հազար 67 հոգի։
- Թուրքիան որոշել է սեփական արտադրության ռազմական անօդաչու սարքեր արտադրել:
- Հյուսիսային Կորեան պաշտոնական հրավեր է ուղարկել Ճապոնական աէրոտիեզերական գործակալությանը` ներկա գտնվելու հյուսիսկորեական արբանյակի գործարկմանը, որը պետք է տեղի ունենա ապրիլին:
- Ուկրաինան և Իրաքը 2009 թ. վերջին 457.5 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել՝ Իրաքին 420 միավոր զրահատեխնիկա տրամադրելու վերաբերյալ: Այդ տեխնիկայի առաջին խմբաքանակը՝ 26 միավոր, ուղարկվել է 2011 թ. ապրիլի 20-ին: Ուկրաինան Իրաքի համար պատրաստել է 62 զրահամեքենաների երկրորդ խմբաքանակը:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր՝
- Նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել են
- Ռուս հրամանատարը յուրացրել է 6.5 մլն դոլար
- Արբանյակը ԿԺԴՀ-ում նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է հայտնաբերել
- Հերոսի կոչում՝ անձնազոհությամբ զինվորներին փրկած ռուս մայորին
- «Վրաստանը աբխազական սահմանի մոտ ոչ պաշտոնական զինված միավորումներ է ստեղծում». Կարասին