Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխաիլ Դարչիաշվիլին ապրիլի 7-ին ընդունել է Չեխիայի պաշտպանության նախարարի տեղակալ Յակուբ Կուլխանեկին։ Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Չեխիայի ներկայացուցիչը գնահատել է Վրաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությունը։
Ըստ Կուլխանեկի՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի առաջնային գործընկերներից է և պետք է էլ ավելին անի Դաշինքին մոտենալու համար։
Նշենք, որ Չեխիայի պաշտպանության նախարարի տեղակալի այցը կայացել է ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում։
ՆԱՏՕ-ի շաբաթը մեկնարկել է ապրիլի 7-ին։ Համաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանում գործող արտասահմանյան ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։