Իրաքի պաշտպանության նախարարությունը 12 միավոր L-159 ALCA թեթև կործանիչների գնման պայմանագիր է կնքել չեխական Aero Vodochody ընկերության հետ։ Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 200 միլիոն ամերիկյան դոլար։ Ավելի վաղ նշվում էր, որ Իրաքը կգնի նման ինքնաթիռների 24 միավոր, սակայն այժմ դեռևս անհայտ պատճառներով ծավալները կրճատվել են։ Այս մասին հայտնում է WorldBulletin լրատվակայքը։
Չեխական ընկերությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռների մատակարարումը Իրաքին կարող է սկսվել արդեն 2014-ի սեպտեմբերին։ Նշվում է, որ Իրաքում L-159 ALCA թեթև կործանիչները կօգտագործվեն այդ երկրի ռազմաօդային ուժերի օդաչուների՝ ինքնաթիռի կառավարման հմտությունների կատարելագործման համար, նախքան նրանց կվստահեն F-16 կործանիչները։
Նշենք, որ Իրաքը պարբերաբար կրճատում է կործանիչենրի քանակը, որը ցանկանում է գնել Չեխիայից։ Դեռևս 2010-ին նշվում էր, որ Իրաքը նախատեսում է գնել 28 միավոր L-159 թեթև կործանիչ։ Ավլի ուշ՝ 2012-ի աշնանն այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 24-ի։ Այժմ արդեն, երբ կնքված է պայմանագիրն ու հստակեցված են ծավալները, պարզ է դառնում, որ կիրականացվի ավելի քան երկու անգամ կրճատված ծավալի մատակարարում։
Հավելենք, որ L-159 ALCA ինքնաթիռներն Իրաքին կփոխանցեն Չեխիայի ռազմաօդային ուժերի կազմից։
L-159 ALCA թեթև կործանիչի անձնակազմը մեկ հոգուց է բաղկացած։ Ինքնաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 936 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 13 200 մետր։ Սպառազինությունում կործանիչն ունի 20մմ-անոց երկու հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ինչպես նաև լազերով նշանառվող ռումբեր։
Pingback: Չեխիան Բաղդադին և Արբիլին ինքնաթիռներ ու զինամթերք է վաճառում | Ռազմ.info