Ադրբեջանն առաջնագծում դիվերսիա է իրականացրել և կորուստներ ունի. ՊԲ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողություն:

Հայկական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Հայկական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

ՊԲ  դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական կողմի առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ, որից մեկը` սպա, և 6 վիրավոր:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել։

Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկայնքով վերահսկում իրավիճակը, տեղելացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան ժամերին որոշ տվյալներ էր հրապարակել ապրիլի 7-ին Ֆիզուլու ուղղությամբ առաջնագծում արձանագրված միջադեպից՝ կատարվածը ներկայացնելով ընդամենը որպես «ականի պայթյուն»։

Դրա հետևանքով զոհված զինծառայողներն են Ադրբեջանի զինված ուժերի կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը։

Վիրավորների թիվը 6 է՝ շարքայիններ Մուսաև Բահրուզ Մուհամեդալի օղլուն, Միրզոև Ալի Փանախ օղլուն, Իսքանդերզադե Ազեր Էյուբ օղլուն, Զյուլֆյուհարով Մյուրսալ Իբրահիմ օղլուն, Ջաբրայիլով Սադիգ Միսիրխան օղլուն, Թալիբով Էմին Թալիբ օղլուն։

Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը բարձրաստիճան սպաների հետ միասին մեկնել էր առաջնագիծ՝ անձամբ մասնակցելու նախնական հետաքննությանը ։

Տուժածներից երկուսին տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, քանի որ նրանց վիճակը ավելի ծանր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *