Վրաստանի զինված ուժերի լեռնային հետախուզական գումարտակն արդեն Աֆղանստանում է։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում վրացի զինծառայողներն ամերիկյան զորախմբի կազմում Կանդագար նահանգում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Կանդագարի նախանգի «Օդային ուժերի» ռազմաբազայում վրացի խաղաղապահներն առաջին անգամ են առաքելություն իրականացնում։ Այդ տարածքը նախապես որոշել էր Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարությունը։
Հավելենք, որ դեռ մարտի 20-ին Վրաստանի ամենամեծ «Վազիանի» զարավարժարանում խաղաղապահ առաքելության մեկնողների ճանապարհման հանդիսավոր միջոցառումն էր։
Վրացի խաղաղապահները Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։
Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։
Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է 29 վրացի զինծառայող։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Մասնավորապես, 2012-ի հոկտեմբերին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մարտական առաջադրանք կատարելիս չպարզված հանգամանքերում զոհվել էր մեկ զինծառայող։
Հատկանշական է նաև, որ Վրաստանի ՊՆ-ն 2012-ին դժվարանում էր Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրում կատարել: Վրացական մամուլի համաձայն՝ միայն 2012-ի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորական հրաժարվել է ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց հետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 17 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարելու մասին օրենքը:
Վերջին աղկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա էր պայթեցրել. զոհվել էր 7 վրացի զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։
Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։ Սակայն կառավարությունը որոշել էր շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել Վրաստանին։