Իրանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Հորմուզի նեղուցում

Իրանն ու Պակիստանը ծրագրել են համատեղ ռազմածովային վարժանքներ իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում։ Այդ նպատակով ապրիլի 5-ին Պակիստանի ՌԾՈւ նավատորմիղը ժամանել է իրանական Բենդեր-Աբբաս նավահանգիստ։

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Ինչպես հաղորդում է  ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում տալով իրանական պաշտոնական աղբյուրներին, վարժանքները մեկնարկելու են այսօր՝ ապրիլի 8-ին, դրանց մասնակցելու են Իրանի ՌԾՈւ Հարավային նավատորմիղի ռազմանավերն ու անձնակազմը։ Իրանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ Շահրամ Իրանիի խոսքերով՝ պակիստանյան կողմը ներկայացնելու են այդ թվում Պակիստանի ՌԾՈւ հրթիռային էսկադրոնային ականակիրը, դրան ուղեկցող ականակիր նավը, մեկ սուզանավ։ Վարժանքները, համաձայն նախնական տվյալների, տևելու են 4 օր։

Հորմուզի նեղուցը հարավ-արևելքից միացնում է Օմանի ծոցը հարավ-արևմուտքում տեղակայված Պարսից ծոցին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝  Արաբական Միացյալ Էմիրություններին, մի փոքր մասն էլ՝ Օմանին։ Նավթի համաշխարհային արդյունահանման ծավալների շուրջ 40 տոկոսն անցնում է հենց այս նեղուցով։

Հարկ է նշել նաև, որ Իրանի խորհրդարանն օրերս վավերացրել է անվտանգության բնագավառում Պակիստանի հետ համագործակցության համաձայնագիրը, որը միտված է Պակիստանի տարածքից թե´ տեղի իշխանությունների, թե´ Իրանի դեմ մարտնչող սուննիական ծայրահեղական խմբավորումների դեմ համատեղ պայքարի իրագործմանը։

Հիշեցնենք, որ «Ջայշ ալ-Ադլ» խմբավորումը, որը գործունեություն է ծավալում Պակիստանի տարածքում, ստանձնել է 2013-ի նոյեմբերին իրանցի 14 զինծառայողների սպանությունը, բացի այդ 2014-ի փետրվարի 6-ին Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտ զինյալները կրակել էին իրանցի սահմանապահների ուղղությամբ, վիրավորել 5-ին, սպանել էին 14-ին, 5 սահմանապահ էլ գերի էր ընկել։  Փետրվարի 27-ին Իրանն ու Պակիստանը համատեղ գործողություն էին իրականացրել՝ Պակիստանի տարածքում գերի ընկած 5 իրանցի սահմանապահներին ազատելու ուղղությամբ։

Պակիստանի՝ Իրանի հետ սահմանակից արևմտյան հատվածը հայտնի է նրանով, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների համար պատսպարան է ծառայում։ Նրանք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում թե´ Պակիստանի, թե´ հարևան երկրների տարածքում։

Կարևոր է նշել, որ Իրանն ու Պակիստանը, ըստ էության, բարեկամական երկրներ չեն, վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ սերտ դաշնակցելու պատճառով իրանական կողմը բազմիցս դժգոհում էր Պակիստանի իշխանություններից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերոնշյալ համաձայնագիրը նշանակալից առաջընթաց է երկու երկրների հարաբերություններում։

Նկատենք նաև, որ Պակիստանի գործընկերների ու բարեկամ երկրների շարքում հիշատակվող Ադրբեջանում դժվար թե գոհունակությամբ ընդունեն թե´ զորավարժությունները, թե´ կնքված համաձայնագիրը, հատկապես որ Ադրբեջանն Իրանի հետ տարածքային և այլ բնույթի խնդիրներ ունի, այդ թվում՝ Կասպից ծովի շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *