Ադրբեջանը հայտնում է առաջնագծում 3 զոհի և 6 վիրավորի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապարակել ապրիլի 7-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ի սահմաններում, Ֆիզուլու ուղղությամբ առաջնագծում արձանագրված կասկածներ հարուցող միջադեպից։

Պաշտոնական տվյալներով՝ ական է պայթել, որի հետևանքով զոհված զինծառայողներն են Ադրբեջանի զինված ուժերի կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը։

Վիրավորների թիվը հասել է 6-ի։ Նրանք են՝ շարքայիններ Մուսաև Բահրուզ Մուհամեդալի օղլուն, Միրզոև Ալի Փանախ օղլուն, Իսքանդերզադե Ազեր Էյուբ օղլուն, Զյուլֆյուհարով Մյուրսալ Իբրահիմ օղլուն, Ջաբրայիլով Սադիգ Միսիրխան օղլուն, Թալիբով Էմին Թալիբ օղլուն։

Ըստ ՊՆ մամուլի ծառայության՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը բարձրաստիճան սպաների հետ միասին մեկնել է առաջնագիծ՝ անձամբ նախնական հետաքննությանը մասնակցելու։

Հավելենք նաև, որ տուժած զինծառայողները բուժում են ստանում Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղի զինվորական հոսպիտալում։ Տուժածներից առավել ծանր է Թալիբովի վնասվածքը, որին ուղղաթիռով տեղափոխել են Բաքու։

Նկատենք, որ հետևելով սույն միջադեպի պատճառով գրանցված զոհերի ու վիրավորների քանակին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն արդեն հաղորդել է 6 զոհի, 7 վիրավորի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *