Զաքիր Հասանովը հանդիպել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին

ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի խորհրդի նիստն այս տարի կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ առիթով Բաքու է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

Զաքիր Հասանով և Վալերի Գերասիմով

Զաքիր Հասանով և Վալերի Գերասիմով

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ինչպես նաև ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Գերասիմովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովին:

Հանդիպման ընթացքում Սադիգովը շեշտել է, որ Գերասիմովի այցն անկախ Ադրբեջանի պատմության ընթացքում ՌԴ ԳՇ պետի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր:
Համաձայն ռուսաստանյան աղբյուրների՝ Գերասիմովը կարևորել է, որ հանդիպումը կամրապնդի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, Սադիգովն էլ իր հերթին ընդգծել է՝ ռազմատեխնիկական փոխգործակցության տեսանկյունից ՌԴ-ն Ադրբեջանի հիմնական գործընկերն է, և նշանակալից պայմանագրերի ի կատար ածման գործընթացը շարունակվում է:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին, Սադիգովն այն հերթական անգամ որակել է որպես «Հայաստանի ագրեսիա Ադրբեջանի դեմ», իսկ Գերասիմովն էլ կարևորել է հակամարտության լուծումը միջազգային իրավունքի սահմաններում:

Հանդիպման ավարտին Զաքիր Հասանովը պարգևատրել է Գերասիմովին «Ռազմական համագործակցության բնագավառում ավանդի համար» մեդալով:
Նկատենք, որ ՀՀ-ն և Ուկրաինան չեն մասնակցելու Բաքվում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերի խորհրդի նիստին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *