Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի Լյաուր, Սամբուլի և Մոմիրակ զորավարժարաններում սկսվել են հրամանատարաշտաբային վարժանքներ։ Զորավարժությունն անցնելու է մի քանի փուլով։
Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Առաջին փուլում սպաները փոփոխվող իրավիճակներում փորձարկել են ղեկավարման ձևերը, երկրորդ փուլում զինծառայողները մի քանի մանևրային վարժանքներ են անելու։
Զորավարժությանը մասնակցում են ավելի քան 1000 զինծառայող, օգտագործվում է մոտ 500 միավոր ռազմական տեխնիկա։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության համաձայնագրով 2004 թվականին Տաջիկստանում տեղակայվեց ռուսական ռազմաբազան։ Ստեղծվել է 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Սկզբնական շրջանում այն կրում էր «4-րդ ռազմաբազա» անվանումը (հիմա այդ անվանումը Հարավային Օսեթիայի ռուսական ռազմաբազան է կրում) դրանից հետո տրվեց մոտոհրաձգային դիվիզիայի համարը։ Բազան տեղակայված է Դուշանբե, Կուլյաբ, Կուրգան-Տյուբե քաղաքներում։
2008 թվականի օգոստոսին ռազմաբազա են այցելել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվդևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը։ Իսկ ահա 2012 թվականի հուլիսին Ռուսաստանը մեղադրեց Տաջիկիստանի իշխանությանը հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջարկելու համար և դադարեցրեց ֆինանսավորել 201-րդ ռազմաբազան։ Երկար բանակցություններից հետո երկու պետությունները ստեղծեցին համաձայնագիր, ըստ որի ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։