ԱՄՆ-ն հավելյալ ռազմանավեր կուղարկի Ճապոնիա՝ հյուսիսկորեական հնարավոր ագրեսիային հակազդելու համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը 2014-ի ապրիլի 6-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ճապոնիայի են ուղարկվելու ռազմածովային ուժերի հակահրթիռային ևս 2 ռազմանավ։ Հեյգելի պնդմամբ՝ դա կարվի ի պատասխան վերջին շրջանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության փոքր և միջին հեռահարության հրթիռների հաճախակի արձակմանը։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը։

ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավեր

ԱՄՆ ՌԾՈւ ռազմանավեր

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ թվով 2 ռազմանավ կիրականացնեն ոչ թե ժամանակավոր պարեկություն, այլ կտեղակայվեն ճապոնական նավահանգիստներում մշտական հիմունքներով ու անհրաժեշտության դեպքում կարձագանքեն ԿԺԴՀ հնարավոր ագրեսիային։ Ամերիկյան ռազմանավերը ճապոնական հակահրթիռային պաշտպանության հանգույցի շարքերը կհամալրեն 2017-ին։

Նշենք, որ վերջին շրջանում լարվածություն է նկատվում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության և Ճապոնիայի միջև առանց այդ էլ ոչ բարիդրացիական հարաբերություններում։ Պատճառը հյուսիսկորեական կողմի՝ հրթիռների ավելի հաճախակի արձակումն է Ճապոնական ծովի ավազանում։

Դրանցից վերջինն արձանագրվել է 2014-ի ապրիլի սկզբին, երբ թռիչքի 900 կմ հեռավորություն ունեցող բալիստիկ երկու հրթիռ ընկան Ճապոնիայի ջրային սահմանների հարևանությամբ։ Երկրի պաշտպանության նախարարը հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներին հրամայել էր խոցել հրթիռները՝ Ճապոնիայի օդային սահմանների հատման դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *