ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի առափնյա զորքերի անօդաչուների ստորաբաժանումների անձնակազմը սկսել է ԱԹՍ-ների թռիչքային փորձարկումներով վարժանքներ իրականացնել։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը, հիմնականում օգտագործվել են «Գրանատ», «Զաստավա» և «Օրլան» տիպի ԱԹՍ-ներ, սակայն թե ինչ մոդիֆիակացիաների, չի հաղորդվում։
Նշենք, որ առափնյա զորքերի ԱԹՍ-ների ստորաբաժանումը ստեղծվել է 2014-ի սկզբին։ Դրա կազմում են բացառապես պայմանագրային զինծառայողները, որոնք հիմնականում ԱԹՍ-ի կառավարման կայանների օպերատորներ են և հատուկ վերապատրաստում են անցել ՌԴ պաշտպանության նախարարության Անձնակազմի ուսուցման մարտավարական կենտրոնում, որը տեղակայված է Կոլոմնայում։
Աղբյուրը վկայում է, որ վարժանքների ժամանակ կիրառված անօդաչուները, որոնցով զինված է Հյուսիսային նավատորմը, նախատեսված են առաջին հերթին օդային հետախուզության համար, որն իրականացվում է 10-150 կմ հեռավորության վրա՝ կախված տվյալ անօդաչուի մարտավարատեխնիկական հնարավորություններից և մոդիֆիկացիայից։ Շնորհիվ ԱԹՍ-ների կատարելագործված տեսախցիկների՝ կառավարման կայան են փոխանցվում զորքերի տեղաշարժի մասին հավաքագրած տվյալներն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։
Բացի հետախուզական գործառույթների ստուգումներից, վարժանքներին անօդաչուները կատարեցին մարտական կրակ, ինչպես նաև հստակեցվեց դրանք օգտագործումը հրետանային կրակի ուղղորդման ու կանոնավարման պարագայում։
Հավելենք, որ «Զաստավա» անօդաչուն իսրայելական IAI Bird Eye 400-ի ռուսաստանյան տարբերակն է, որն արտադրվում է իսրայելական Aerospace Industries ընկերության հետ համատեղ։ Ինչ վերաբերում է «Օրլան» ԱԹՍ-ին, ապա այն արձակվում է կատապուլտից, վայրէջք է կատարում պարաշյուտի օգնությամբ, օգտագործվում է որոնողափրկարարական գործողություններում, արագությունը 150 կմ/ժ , թռիչքի տևողությունը՝ մինչև 18 ժամ, օգտակար բեռնվածությունը՝ 5 կգ։ «Գրանատ» ընտանիքի ԱԹՍ-ներն էլ հիմնականում ուղղահայաց թռիչք ու վայրէջք են կատարում , անաղմուկ են, ունեն կրող 4 պտուտակներ, որոնք էլ թռիչքի ժամանակ նույն արագությամբ պտտվում են։