Ապրիլի 6-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են Ղրիմի թերակղզու արևմուտքում տեղակայված զորամասի հանրակացարանի ու հսկիչ անցակետի վրա՝ քարեր նետելով և կոտրելով ապակիները։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Սակի քաղաքի ՆԳՆ վարչության հերթապահներից մեկը զեկուցել է՝ հսկիչ անցակետին մոտենում են անհայտ 10 անձինք։ Երբ նրանք սկսել են քարեր նետել, ՆԳՆ ջոկատներից մեկն ուղարկել են նրանց հարձակումը կասեցնելու նպատակով։ Ջոկատի ժամանումից հետո խումբը հեռացել է անհայտ ուղղությամբ։
Սակայն որոշ ժամանակ անց հաղորդագրություն է ստացվել, որ անցակետից 100 մետր հեռավորության վրա տեղակայված զորամասի տարածք են ներխուժել քաղաքացիական անձինք։ ՆԳՆ-ի ջոկատն ուղևորվել է զորամաս՝ այդ անձանց դուրս բերելու։ ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին, զինված էին ատրճանակներով։ ՆԳՆ-ի աշխատակիցների և զորամաս ներխուժած խմբի միջև բախում է եղել, որի հետևանքով մեկը ձերբակալվել է, երեքին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից, մյուսն էլ վիրավորվել է։ Տուժածի կյանքը փրկել չի հաջողվել։ Զորամասի զինծառայողներից մեկը ստացել է գանգուղեղի վնասվածք։ Նրան վիրահատել են։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ռուսաստանը հաստատել էր իր պատրաստակամությունն Ղրիմում մնացած ռազմական նշանակության ունեցվածքն Ուկրաինային հանձնելու առնչությամբ։
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը մարտի 25-ին հրամանագիր էր ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։
Հավելենք, որ դեռևս մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։