ԱՄՆ ՌԾՈւ նոր համակարգը կարող է ուղղաթիռին հաղորդել անօդաչուի գործառույթներ

ԱՄՆ ռազմածովային ուժերը մտադիր են ընթացող շաբաթվա ընթացքում ներկայացնել նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերին՝ հիմնականում ուղղաթիռատիպ սարքին, ինքնուրույն, առանց օպերատորի օգնության ընտրել երթուղի, վայրէջքի ու կայանման տեղ։

Ըստ էության, այս տեխնոլոգիայի օգնությամբ սովորական ռազմական ուղղաթիռն էլ ինքնակառավարվող թռիչքի շնորհիվ կարող է ինքնին վերածվել ուղղաթիռատիպ ԱԹՍ-ի։
Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում տալով ԱՄՆ ՌԾՈւ փոխծովակալ Մեթյու Քլանդերի խոսքերին։ Վերջինս հավաստիացրել է, որ իրենք արդեն փորձարկել են նոր տեխնոլոգիան, որի շնորհիվ էլ ուղղաթիռատիպ ԱԹՍ-ն ինքնուրույն բարձրացնում է մոտ 2.3 տոննա բեռ։

Նկատենք, որ նոր տեխնոլոգիան Lockheed Martin և Aurora Flight Sciences ամերիկյան ընկերությունների համատեղ արտադրանք է, որն ի սկզբանե նախատեսված է եղել ԱՄՆ ՌԾՈւ խոշոր չափերի ուղղաթիռատիպ անօդաչուների համար։

Աղբյուրը հաղորդում է, որ նոր համակարգը փորձարկվել է ԱՄՆ ՌԾՈւ Քունաթիքոյի ռազմակայանում։ Տեսուչներին հարկավոր է եղել շուրջ կես ժամ, որպեսզի պլանշետից հատուկ համակարգչային ծրագրով գործի դնեն ուղղաթիռի ինքնուրույն թռիչքի գործընթացը։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հավելենք նաև, որ սույն համակարգը դեռևս կատարելագործման փուլում է, այնուհանդերձ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հույս է հայտնել, որ մեկ տարի անց հնարավոր կլինի այն հանձնել տեղական զինուժի շահագործմանը։ Նախատեսված է 5 տարի տևող այս ծրագրի համար հատկացնել շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *