ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, որտեղ այցելել է մի շարք սահմանամերձ բնակավայրեր և ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր։
Սահմանամերձ Պառավաքար համայնքում Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին:
Սարգսյանն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ: Պառավաքարի հրապարակում նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013-ի տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ:
Իսկ Նավուրում ՀՀ նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին: