Ադրբեջանը կասեցնում է Գաբալայի ՌՏԿ-ի գործունեությունը

Ադրբեջանի տարածքում տեղակայված Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը, որը ժամանակին կիրառում էր Ռուսաստանն ու ադրբեջանական կողմին էր հանձնել 2013-ի կեսերին, դուրս է բերվել ադրբեջանական զինուժի շահագործումից և դադարեցրել իր գործունեությունը։

Գաբալայի ՌՏԿ

Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Շահագործումից դուրս բերելու պատճառներն ու հանգամանքները չեն հաղորդվում։

Կարող ենք նշել միայն, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) տարվա սկզբից ականազերծման աշխատանքներ էր իրականացնում Գաբալայի ՌՏԿ-ի տարածքում՝ շեշտելով, որ դրանք ավարտին կհասցնի 2014-ի վերջին։

Նկատենք նաև, որ ադրբեջանական լրատվադաշտում այդ թվում քարոզչական նպատակներով բազմիցս լուրեր էին տարածվել, թե Գաբալայի ՌՏԿ-ն կիրառելու է Ադրբեջանի զինուժը։ Այնուհանդերձ, դեռևս 2013-ի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը, հակասական տեսակետ էր հայտնել՝ Գաբալայի ՌՏԿ-ն հնարավոր է քանդեն, քանի որ «այն արդեն ոչ մի արժեք չունի, բացի այդ ադրբեջանցիները չունեն ո´չ նյութական, ո´չ մարդկային պահանջվող ռեսուրսներ կայանը գործի դնելու համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը 2013-ի հոկտեմբերի սկզբին հայտարարել էր՝ կայանի տարածքում այլևս ռուս զինծառայողներ չկան, նրանց իրենց ընտանիքների հետ միասին լքել են Գաբալան, և ՌՏԿ-ն ամբողջությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո է։

«Գաբալա ՌՏԿ-ի կարգավիճակի, օգտագործման պայմանների ու սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի ու ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիրը» կնքվել է 2002-ին։ Սկսած 2012-ի դեկտեմբերի 10-ից՝ ՌԴ-ն դադարեցրել է կայանի շահագործումը, քանի որ Ադրբեջանը պահանջել է չափից դուրս մեծ գումար վարձակալության դիմաց. նախկինում 14 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն՝ 300 մլն դոլար։

Գաբալայի ՌՏԿ-ն գործարկվել է 1985-ին, իսկ շինարարությունը սկսվել էր դեռևս 1976-ին։ Կայանը նախատեսված է Ասիայից և Հնդկական օվկիանոսի ավազանից արձակվող բալիստիկ հրթիռները հայտնաբերելու, ինչպես նաև հարավային հատվածի տիեզերական օբյեկտներին հետևելու համար: Կայանը հնարավորություն ունի հայտնաբերելու 300-ից 7200 կմ հեռավորության վրա թիրախները:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՌՏԿ-ն գործում էր առանց իրավաբանական ձևակերպումների, և Ադրբեջանն անընդհատ պահանջում էր վճարել կայանի վարձակալության դիմաց՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել դրա շահագործումը:

Հավելենք, որ Գաբալա ՌՏԿ-ի փոխարեն ՌԴ-ն ցանկանում է կիրառել Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշման կայանը։

One response to “Ադրբեջանը կասեցնում է Գաբալայի ՌՏԿ-ի գործունեությունը

  1. Pingback: Ադրբեջանը կասեցնում է Գաբալայի ՌՏԿ-ի գործունեությունը. Ռազմ.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *