ԱՄՆ-ն թույլատրել է Boeing և General Electric ընկերություններին պահեստամասեր մատակարարել Իրանին

ԱՄՆ կառավարությունը թույլատրել է ամերիկյան ավիաշինական Beoing ու ավիաշարժիչներ արտադրող General Electric ընկերություններին պահեստամասեր մատակարարել Իրանին՝ քաղաքացիական օդանավերի վերանորոգման համար։ Նախատեսվում է նորոգել օդանավերի թվով 18 շարժիչ, որոնք Իրանին են վաճառվել դեռևս 1970-ականներին՝ մինչ իսլամական հեղափոխությունը։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը։

Իրանի քաղաքացիական ավիապարկի Boeing 747 ինքնաթիռ

Իրանի քաղաքացիական ավիապարկի Boeing 747 ինքնաթիռ

Boeing ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Իրանի կարիքներին ծանոթանալու և հնարավոր գործարքի մանրամասները քննարկելու նպատակով գալիք շաբաթվա ընթացքում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալու է հանդիպում իրանական կողմի և ամերիկյան ավիաշինական ընկերության ներկայացուցիչների միջև։ Նշվում է, որ բանակցություններն ընթանալու են բացառապես հնացած ավիաշարժիչների վերանորոգման և տեխսպասարկման շուրջ ու նոր օդանավերի վաճառքի մասին խոսք չի գնում։

Իրանական կողմի հետ Boeing և General Electric ընկերություններին գործարք կնքելու թույլտվությունն առաջինն է 1979-ին Իրանում իսլամական հեղափոխությունից ի վեր, երբ ցուցարարները գրավեցին այդ երկրում ամերիկյան դեսպանատունն ու պատանդ վերցրեցին ԱՄՆ քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին։ Այդ իրադարձություններից ի վեր Իրանի նկատմամբ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ, որոնք որոշակիորն մեղմվել են 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնության շնորհիվ, ըստ որի՝ Իրանը համաձայնեց մասնակիորեն սառեցնել միջուկային իր ծրագրերը։

Հավելենք, որ Իրանի նկատմամբ մինչ օրս կիրառվող տնտեսական պատժամիջոցները հնարավորություն չէին տալիս տեխնիկական պատշաճ սպասարկման ենթարկել քաղաքացիական օդանավերը, ինչի հետևանքով 1990-ից ի վեր այդ երկրի քաղաքացիական ավիացիայում գրանցվել է դժբախտ պատահարների կտրուկ աճ։ Իրանական կողմի հավաստմամբ, գրանցված շուրջ 200 պատահարների հետևանքով զոհվել է ավելի քան 2 000 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *