2014-ի ապրիլի 5-ին համացանցում հայտնվել է Սիրիայի Հիշ բնակավայրի մերձակայքում արված տեսագրություն, որում երևում է՝ կառավարական ուժերի դեմ կռվող զինյալներն իրենց տրամադրության տակ ունեն ամերիկյան արտադրության TOW հակատանկային հրթիռային համալիր։ Հարկ է նշել, որ սիրիական բանակի սպառազինությունում նման զինատեսակի առկայության մասին որևէ հիշատակում չի եղել։ TOW հակատանկային հրթիռյաին համալիրի առկայության մասին չի հիշատակվել նաև զինյալների զինանոցին վերաբերող տվյալներում։
Առայժմ հայտնի չէ, թե որ պետությունն է զինյալներին փոխանցել այս զինատեսակը, սակայն որպես հավանական տարբերակ արաբական մի շարք երկրներից բացի, հարկ է նշել նաև Թուրքիան։
Նման պնդում անելու հիմք է տալիս 2014-ի մարտի 30-ին համացանցում հայտնված գաղտնի արված ձայնագրությունը, որում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանն արտգործնախարարի աշխատասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշում է, որ սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիան մեծաքանակ սպառազինություն է տրամադրել զինյալներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2013-ի հունիսին, համացանցում հայտնված հերթական տեսագրությունից հայտնի էր դարձել, որ Սիրիայում մարտնչող զինյալներն ի թիվս այլ զինատեսկաների, իրենց տրամադրության տակ ունեն նաև չինաստանյան արտադրության HJ-8 հակատանկային հրթիռային համալիրներ։