Ռազմաշաբաթ. Վրաստան. մարտի 30-ապրիլի 5

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չէ։ Վրաստանում անցկացվում է «Վիկինգ-2014» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Վրաստանում էր Նիդերլանդների պաշտպանության նախարարը։ Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է սերժանտների վերապատրաստման կենտրոն։ Վրաստանի կառավարությունը ֆինանսապես կխթանի զորակոչը։

Նիդերլանդների և Վրաստանի պաշտպանության նախարարները

Նիդերլանդների և Վրաստանի պաշտպանության նախարարները

” 2014-ի մարտի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ոչ´ Վրաստանը, ո´չ էլ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն։ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ Օբաման նկատի է ունեցել՝ Վրաստանն այս պահին աշխատում է անդամակցման ծրագրի շուրջ, ոչ թե բուն անդամակցության։

” Վիրավոր զինծառայողների աջակցման ծրագրի շրջանակներում երկօրյա այցով Վրաստանում էր ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության լոգիստիկայի վարչության պետ, բրիգադի գեներալ Բրայան Հոլթը։ Այցի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է եղել Թբիլիսիի վերականգնողական կենտրոնի վերանորոգման և տեխնիկական համալրման հարցերին։

” Վրաստանում մեկնարկել է «Վիկինգ-2014» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունը, որն ընթանում է Վիզիանի ռազմակայանի մեխանիզացված 4-րդ բրիգադում։ Վրաստանից բացի, զորավարժությանը մասնակցում են նաև Շվեդիան, Իռլանդիան, Բուլղարիան և Սերբիան։

” Մեկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Նիդերլանդների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս-Փլասշերթը, ով հանդիպում է ունեցել իր վրաստանցի պաշտոնակցի հետ։ Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ։

” Ապրիլի 1-ին լրացավ Վրաստանի ԶՈւ հետևակային 1-ին բրիգադի հիմնադրման 22-րդ տարելիցը։ Բրիգադի շտաբի անձնակազմին այս կապակցությամբ շնորհավորել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ու նրա տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն։

” Ապրիլի 3-ին Վրաստանի ԶՈւ սերժանտների վերապատրաստման կենտրոն էր այցելել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ ծանոթանալու կենտրոնում իրականացվող ենթակառուցվածքային ու վերանորոգման աշխատանքներին։

” Պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու դեպքում Վրաստանի բուհերի ուսանողները չեն վճարի ուսման վարձ։ Նման արտոնությունից կօգտվեն բոլոր նրանք, ովքեր մինչև 2014-ի գարնանային զորակոչը ինքնակամ կմեկնեն ժամկետային զինծառայության։

” Ապրիլի 4-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում պաշտոնապես ավարտվեց պաշտպանական գերատեսչության աշխատակիցների համար անցկացվող դասընթացը՝ ազգային անվտանգություն և դիվանագիտություն թեմաներով։ Շրջանավարտներին շնորհավորել ու ավարտական վկայագրեր է հանձնել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *