Պենտագոնը հայտնել է F-35 կործանիչների տեխնիկական մասի հետ ծագած հերթական խնդրի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հինգերոդ սերնդի F-35 կործանիչի՝ ռազմածովային ուժերի կարիքներին հարմարեցված «C» մոդիֆիկացիայի լայնածավալ մատակարարման ժամկետների հնարավոր հետաձգման մասին։ Պատճառը կործանիչի բորտ համակարգչի ծրագրային ապահովման հետ ծագած խնդիրներն են։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

F-35C CF-6 կործանիչ

F-35C CF-6 կործանիչ

Պենտագոնի՝ F-35 կործանիչին առնչվող ծրագրերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Քրիս Բոգդընը 2014-ի մարտի 26-ին ԱՄՆ կոնգրեսի՝ զինված ուժերի հարցերով պալատում ունեցած իր ելույթում հայտնել է, որ F-35C-ի բորտ համակարգչի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռների մատակարարումը զինված ուժերին կարող է իրականացվել նախատեսված ժամկետից 4-ից 6 ամիս ուշ։

Նշենք, որ F-35C կործանիչները նախատեսվում էր ԱՄՆ ռազմածովային ուժերին մատակարարել 2018-ին, սակայն հաշվի առնելով անընդմեջ ծագող խնդիրները, ժամկետներն ամենայն հավանականությամբ կհետաձգվեն։

Միևնույն ժամանակ նշենք, որ F-35 կործանիչի՝ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի համար նախագծված «B» մոդիֆիկացիան նախատեսվում է շահագործման հանձնել 2015-ին և ժամկետների հետաձգման անհրաժեշտություն այս դեպքում կարծես թե չի նկատվում։

Գեներալ-լեյտենանտ Բոգդընն իր զեկույցում նշել է նաև, որ F-35 կործանիչների նախնական պատվերների քանակը կրճատել են Կանադան, Իտալիան ու Թուրքիան, ինչն ըստ գեներալի կարող է հանգեցնել կործանիչի գնի 3 տոկոսանոց աճի։

Ինչ վերաբերում է F-35-ի հետ ծագող խնդիրներին, ապա հիշեցնենք, որ 2014-ի մարտին ի թիվս այլ խնդիրների հայտնի դարձավ նաև, որ F-35B կործանիչների շարժիչի բաղկացուցիչներից մեկում առկա է կառուցվածքային թերություն, որի շտկման համար անհրաժեշտ է շարժիչի վերանախագծում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *