Դանակահարության միջադեպ: Զինուժի մարտ ամսվա կորուստները: Ապրիլի առաջին մարտական կորուստը: Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրում մեղադրում են գյուլենականներին: Ձերբակալությունների ալիք ՌԾՈւ-ում: «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգի զեկույցից՝ տվյալներ Ադրբեջանի մասին:
-Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինված ուժերի զինծառայող Ռահիդ Սաթար օղլու Ասքերովն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ բացելով:
Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողին տեղափոխել են Շամխորի շրջանի հոսպիտալ:
-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սամեդ Աքբերլին, ինչպես հայտնի դարձավ մարտի 29-ին, դանակահարել է իր ծառայակից Քյանան Մամեդզադեին: Նախնական վարկածով՝ դանակահարության պատճառը զինծառայողների միջև վեճն է:
-Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։
-Ապրիլի մեկին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Աքիֆ Այդըն օղլու Բահշիևը Մարտակերտի ուղղության առաջնագծի հատվածում, ադրբեջանական կողմի վարկածով, «հայ դիպուկահարի գնդակից» հրազենային վնասվածք է ստացել ու մահացել։
-Հայտնի են Սիրիայում սպանված 2 ադրբեջանցի զինյալների անունները: Նրանցից մեկը՝ Զահիդ Նասիրովը՝ «Աբդուլվահիդ» մականունով, Սումգայիթից է սերում, իսկ մյուսը՝ Թամերլան Մամեդովը՝ «Րաբբանի» մականունով, Կուբաթլուի շրջանից է, 1994-ին կնքված հրադադարից հետո տեղափոխվել է Սումգայիթ։
-Սիրիայում սպանված ադրբեջանցիներից մեկի մայրը հավաստիացրել է, որ որդին հենց Աֆղանստանից է Սիրիա անցել վերջին շրջանում, սկսել է երկար մորուս պահել՝ միանալով ծայրահեղ իսլամիստներին, չնայած որ իրենք ընտանիքում միշտ շիա են դավանել։
-Ադրբեջանական Lent.az լրատվակայքը, հղելով իր աղբյուրներին, հաղորդում է՝ վերջին 3, այսինքն՝ 2014-ի հունվարից մարտ ամիսների ընթացքում Սիրիայում մարտնչելու են մեկնել մոտ 3 հազար ադրբեջանցիներ:
Ընդ որում, աղբյուրի վկայությամբ՝ Ադրբեջանի կառավարությունը սկսել է լրջորեն զբաղվել այս խնդրով ու պարզել է՝ ադրբեջանցիներին Սիրիա ուղարկելու հարցում անմասն չեն գյուլենական շարժման հետևորդներ նուրջուական (նուրսիստ) քաղաքական-հասարակական գործիչները:
-Ռուսաստանյան «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ու դրան պատկանող Կազանի ուղղաթիռաշինական գործարանը հրապարակել են 2013-ին իրենց գործունեությունից որոշ մանրամասներ, որտեղ ամփոփված են նաև Ադրբեջանի գնումների վերաբերյալ մի շարք տվյալներ:
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին հեռացվել էր պաշտոնից: Նրա պաշտոնակատար էր նշանակվել Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, ՌԾՈւ շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովը: Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են՝ կաշառակերության մեղադրանքով:
Մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հեռացվել է նաև ՌԾՈւ հրամանատարի՝ մոտ 3 շաբաթ պաշտոնավարած պաշտոնակատարը՝ առանց նշելու հեռացման պատճառների և հանգամանքներների մասին։
-Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում 2014-ի հունվարի վերջից մեկնարկել են համալիր տեսչական ստուգումներ ռազմական դատախազության և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանց հետևանքով ձերբակալվել է 6 բարձրաստիճան զինվորական:
-Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը, որն Ադրբեջանին Տ-90Ս տանկեր է մատակարարում, մտադիր է Ադրբեջանի տարածքում կառուցել վագոնաշինական գործարան:
Ռազմաշաբաթը նաև՝
Հայաստանում
Թուրքիայում
Վրաստանում
Իրանում