ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի ղեկավար, տիկին Հենրիետ Ահրենսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի (2013թ. մայիսի 27-ի) ընթացքում ՀՀ առաջին զեկույցի ամփոփիչ դիտարկումների` ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերը, վերհանվող խնդիրների վերացման կամ առաջարկությունների կատարման նպատակով ՊՆ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները:

Համաձայնություն ձեռք բերվեց ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որում կնշվեն համագործակցության ուղղությունները, իրականացվելիք ծրագրերը և ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հատուկ ուշադրություն դարձնել Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին կամընտիր արձանագրության դրույթների իրազեկվածության բարձրացմանը:

Դավիթ Տոնոյանն ընդունեց նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանին:

Ամփոփվեցին համագործակցության իրականացման շուրջ նախօրոք ձեռքբերված համաձայնությունները: Հստակեցվեցին ռազմաբժշկական ծառայությանը վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և զինված ուժերում կանանց իրավունքների երաշխավորման և պաշտպանության ծրագրերի իրականացման ձևաչափերն ու ժամկետները:

Քննարկվեցին նաև համագործակցության ծավալների ու ուղղությունների ընդլայնման հնարավորությունները, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *