Աֆղանստանում սպանել են AP գործակալության ռազմական լուսանկարչին

Աֆղանստանում անհայտ անձինք կրակ են բացել ու սպանել Associated Press լրատվական գործակալության ռազմական լուսանկարիչ, Գերմանիայի քաղաքացի Անյա Նիդրինխաուսին։

Անյա Նիդրինխաուս

Անյա Նիդրինխաուս

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Նիդրինխաուսի սպանության ժամանակ վիրավորում է ստացել նաև AP-ի պակիստանյան թղթակից, 60-ամյա կանադացի Քեթի Գաննոնը։ Նրա վիճակն այժմ բավարար է։

Համաձայն աղբյուրի՝ միջադեպն արձանագրվել է Հոսթ նահանգում, որը տեղակայված է Աֆղանստանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին։ Լրագրողն ու լուսանկարիչը հետևում էին ապրիլի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես քվեաթերթիկների՝ շրջաններ տեղափոխելու գործընթացին։

Հայտնի է, որ կանայք երթևեկում էին աֆղան զինծառայողների ու ոստիկանական ուժերի հսկողության ներքո ընթացող ավտոշարասյան ավտոմեքենաներից մեկում։ Ավտոշարասյունը հանկարծակի կանգ է առել, կանանց մոտեցել է ոստիկանի համազգեստով ոմն անձ, բացականչել է՝ «Ալլահ աքբար», ապա Կալաշնիկովի ինքնաձիգից նպատակաուղղված կրակ է բացել հենց հետևի նստարանին նստած լրագրողների ուղղությամբ։

Այլ մանրամասներ պարզ չեն, հետաքննություն է ընթանում։

Հավելենք, որ Նիդրինխաուսը հայտնի ռազմական լուսանկարիչ էր, աշխատել էր Հարավսլավիայում, Իսրայելում, Պաղեստինում, Իրաքում, Աֆղանստանում ու Պակիստանում, բացի այդ որպես լուսանկարիչ լուսաբանել էր 8 օլիմպիական խաղեր։ Արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների։

Ինչ վերաբերում է Քեթրին Գաննոնին, ապա վերջինս շուրջ 30 տարի թղթակցում է AP-ին, հիմնականում հրատապ լուրեր է փոխանցում մարտական գործողությունների տեղանքներից, այդ թվում՝ Պակիստանից ու Աֆղանստանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *