Ղրիմի Սիմֆերոպոլ-Յալթա մայրուղու Պերեվալնոյե գյուղին կից հատվածում ապրիլի 3-ին ավտովթար է գրանցվել. ուղևորատար տրոլեյբուսը բախվել է ռուսաստանյան զինուժին պատկանող Տիգր զրահամեքենային։
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը, միջադեպի մասին հայտնել են ականատեսները։
Վկաների խոսքերով՝ տուժածներ կան թե´ տրոլեյբուսի ուղևորների, թե´ «Տիգրի» անձնակազմի անդամների շարքում։ Ներկա դրությամբ տուժածների ինքնությունը և կրած վնասների չափը պարզ չէ։
Նկատենք, որ Ղրիմի պետավտոտեսչությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ լրագրողներին խորհուրդ տալով դիմել Ղրիմի ՆԳՆ-ին։ Այնտեղ ևս մանրամասներ չեն հայտնել։
Համացանցում տարածվել են միջադեպի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր։
Հավելենք, որ «Տիգր» զրահամեքենան արտադրվում է ռուսաստանյան «ԳԱԶ» ԲԲԸ-ի կողմից, երկարությունը 5.7 մ է, լայնությունը՝ 2.3 մ, բարձրությունը՝ 2.2 մ, բեռնատարողությունը՝ 1200 կգ, առավելագույն արագությունը՝ 125 կմ/ժ։
Նշենք, որ «Տիգր» զրահամեքենան շահագործվում է նաև ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներում։