«Եհովայի վկաների» պարտադիր զինծառայության հարցը՝ կրկին Ադրբեջանի օրակարգում

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդները, որը գրանցված է և օրինական հիմունքներով գործում է Ադրբեջանում, հրաժարվում են պարտադիր զինծառայություն անցնել ադրբեջանական զինուժում:

Ճիշտ է, այս խնդիրն իրականում խորը արմատներ և նախապատմություն ունի, սակայն վերջին շրջանում կրկին արդիական է դարձել, քանի որ Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության հաղորդած տվյալներով՝ 2014-ի հունվարի զորակոչի ժամանակ պարտադիր զինծառայությունից խուսափողների թիվը մեծ է եղել հենց եհովականների հաշվին, իսկ «Եհովայի վկաները», ինչպես հայտնի է, չեն ցանկանում զենք վերցնել և ծառայել:

Ադրբեջանական կողմը ձգտում է աղանդավորների խնդիրը ներկայացնել՝ որպես զորակոչից խուսափողների զգալի թվաքանակի հիմնական պատճառ:

Ադրբեջանական լրատվակայքերի տվյալներով՝ վերջին շրջանում միայն Բաքվից 5 երիտասարդ, որոնք «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ են, հրաժարվել են պարտադիր զինծառայությունից: Երիտասարդների անունները չեն նշվում։

«Եհովայի վկաների» Բաքվի ներկայացուցիչ Կիրիլ Ստեպանովն ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը հավաստիացրել է, որ համաձայն Հովհաննեսի Ավետարանի՝ եհովականները չեն մասնակցում ռասսայական, կրոնական ու քաղաքական հողի վրա ծագած հակամարտություններին (ըստ երևույթին նկատի ունի Արցախյան հակամարտությունը):

Ադրբեջանական կողմն էլ իր հերթին պնդում է, որ չնայած «Եհովայի վկաները» գրանցվել են 2002-ին Ադրբեջանի արդարադատության նախարարությունում, սակայն միայն Բաքվի տարածքում գործունեություն ծավալելու համար, իսկ օրինական գործելու համար անհրաժեշտ է գրանցում Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովում, ինչը մինչ օրս չի արվել: Այս հանձնաժողովում հավաստիացնում են, որ այնուհանդերձ Արցախյան չլուծված հակամարտության պայմաններում անընդունելի է Ադրբեջանի քաղաքացիների՝ զորակոչից խուսափելը:

Նկատենք, որ Ադրբեջանի «Եհովայի վկաները» վկայում են, որ իրենց կազմակերպությունն Ադրբեջանում գրանցվել է դեռևս 1999-ին, իսկ հետագա գրանցման փորձերը տապալվում են հենց Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Հարկ է նշել, որ Ադրբեջանի Սահմանադրության 76.2 հոդվածի համաձայն՝ եթե պարտադիր զինծառայությունը հակասում է քաղաքացու համոզմունքին, հնարավոր է այն փոխել այլընտրանքային ծառայությամբ: Բացի այդ, 2001-ին Եվրախորհրդի անդամ դառնալով՝ Ադրբեջանը ԵԽ-ի առաջ պարտավորություններ է ստանձնել, որոնց շարքում է 2 տարի ժամանակահատվածում օրենք ընդունել այլընտրանքային քաղաքացիական ծառայության վերաբերյալ՝ համապատասխան եվրոպական չափանիշների: Ըստ այդմ՝ օրենքը պետք է ընդունված լիներ 2003-ին, սակայն մինչ օրս նման բան չի գրանցվել, ուստի 2003-ից սկսած տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ( ՄԻԵԴ), բազմիցս հաստատել են՝ «Եհովայի վկաների» հրաժարումը պարտադիր զինծառայությունից, հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, չի հակասում միջազգային օրենքներին:

Նկատենք, որ Ադրբեջանում «Եհովայի վկաների» նկատմամբ ճնշման և զինծառայությունից խուսափելու պատճառով բռնության կիրառման ամենավաղ դեպքը հայտնի է դարձել 1999-ին: Եհովական Ռավշան Մուրսալովը պատմել է, որ զինծառայությունից խուսափելու պատճառով իրեն կանչել են դատախազություն 1997-ի նոյեմբերին և ծեծել:

«Եհովայի վկաների»  չծառայելու առնչությամբ առավել աղմկահարույց դեպքերը գրանցվել են 2005-2007-ին:

Այդպես, 2006-ի ապրիլի 28-ին Ադրբեջանի քաղաքացի, եհովական Մուշվիգ Մամեդովը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման՝ «պարտադիր զինծառայությունից խուսափելու» հոդվածով: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է նրան որպես «խղճի բանտարկյալ»[1] և իր 2006-ի զեկույցում անհանգստություն հայտնել՝ արդյոք Մամեդովին կտտանքների չեն ենթարկում Բաքվի Բայիլ կալանավայրում: Կազմակերպության փոխանցմամբ՝ Մահմեդովը դեռևս 2005-ին՝ համալսարանն ավարտելուց հետո, դիմել էր Սաբայիլի շրջանի զինկոմիսարիատ՝ խնդրելով իրեն այլընտրանքային ծառայության ուղարկել: Բանտարկությունից հետո մայիսի 5-ին նա բողոքարկել է դատավճիռը, սակայն դատարանը վճիռը նույնն է թողել և Մամեդովին որակել որպես դասալիք:

ԵԱՀԿ-ն ևս անդրադարձել է Մամեդովի դեպքին 2008-ին Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում՝ շեշտելով, որ 2008-ի հունիսի 5-ին նրա դեմ կրկին քրեական գործ են հարուցել, մինչդեռ Ադրբեջանի Սահմանադրությամբ արգելվում է նույն անձի նկատմամբ կատարված հանցանքի համար երկու անգամ գործ հարուցել: Բացի այդ, զեկույցում խոսվում է մեկ այլ եհովականի՝ 22-ամյա Սամիր Հուսեյնովի մասին, որին 2007-ի օգոստոսի 4-ին դատապարտել են 10 ամիս ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու համար: Նրան ազատ են արձակել 2008-ի մայիսի 1-ին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչությունը ևս 2009-ին դատապարտել էր Մուշվիգ Մամեդովի և Սամիր Հուսեյնովի ազատազրկման փաստը:

Նշենք, որ 2007-ին Ադրբեջանում բուռն քննարկվում էր այլընտրանքային ծառայության օրենքն ընդունելու թեման: Ընդ որում, պետք է շեշտել, որ դեռևս 1992-ի հուլիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը հրամանագիր էր ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների՝ այլընտրանքային ծառայության կարգի մասին», որի երկրորդ կետը թույլ էր տալիս քաղաքացիական ծառայության անցնել կրոնական համոզմունքներով զինծառայությունից հրաժարվող անձանց: 2007-ի ապրիլին արդեն Ադրբեջանի Միլլի մեջլիսը ԵԽ էր ուղարկել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ փորձագիտական գնահատականի համար: Դրական գնահատական ստանալու դեպքում՝ Ադրբեջանում կրկին պետք է քննարկման դրվեր սույն նախագիծը, այս անգամ՝ միջգերատեսչական հաստատման նպատակով: 2008-ին ԵԽ-ն որոշ նկատառումներով հետ ուղարկեց օրինագիծը, սակայն Ադրբեջանի Միլլի մեջլիսը, չնայած պատգամավորների խոստումներին, այդպես էլ չքննարկեց օրինագիծը:

Օրինագծին դեմ հանդես եկող պատգամավորները պնդում էին՝ Արցախյան հակամարտության պայմաններում քաղաքացիական ծառայության մասին օրենքը կարող է հարմար պատրվակ լինել որոշ երիտասարդների համար այս կամ այն կրոնական կառույցին անդամագրվելու և այդպիսով զինծառայությունից ազատվելու, ուստի առաջարկում էին համանման օրենք ընդունել միայն խաղաղ պայմանների հաստատման դեպքում, և երբ «Արցախը կազատագրվի հայկական բռնազավթումից»: Իսկ օրինագծին կողմ քվեարկողները հավատիացնում էին՝ քաղաքացիական ծառայությունը կարելի է կազմակերպել խիստ պայմաններով կամ էլ զորակոչից ազատվածներին ուղարկել ռազմարդյունաբերական ձեռնարկություններում նվազագույնը 2 տարի աշխատելու: Այնուամենայնիվ, օրինագիծն այդպես էլ չընդունվեց:

Ուշագրավ է, որ օրինագծի քննարկումների մեկնարկից  ի վեր Ադրբեջանի ՊՆ-ն բացասական դիրքորոշում էր ընդունել օրենքի ընդունման ու հատկապես «Եհովայի վկաների» հարցում։ Մասնավորապես, 2007-ի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկության կառավարման բաժինը մեղադրանքներ էր ներկայացրել «Եհովայի վկաներ» ու մի շարք այլ կրոնական կազմակերպություններին «հայ եկեղեցու հետ սերտ կապեր ունենալու առնչությամբ»: Ադրբեջանի ՊՆ-ի վկայությամբ՝ «Եհովայի վկաները» համագործակցում են «հայկական հատուկ ծառայությունների հետ ու գործում են Ադրբեջանի դեմ»: Հայտարարության տեքստում շեշտված էր. «Աղանդավորներին ծախված մի քանի տեղացի փորձագետներ ադրբեջանական բանակի մասին անհիմն ու կանխակալ հոդվածներ են գրում, բարձրացնում են աղանդավորության հարցը բանակում, խեղաթյուրում են փաստերը՝ միջազգային մակարդակով հարվածներ հասցնելով Ադրբեջանին»: Հետևելով Ադրբեջանի ՊՆ պնդումներին՝ եհովականները քարոզչություն են տանում հիմնական զորակոչային տարիքի կամ նոր ծառայության մեկնածների ընտանիքների և հարազատների շրջանում, ինչն էլ «բացասական է ազդում զինված ուժերում մարտական ոգու վրա»:

Հավելենք, որ զինծառայությունից հրաժարվող եհովականների նկատմամբ բռնաճնշումները շարունակվել են նաև հետագա տարիներին:

Մասնավորապես, ԵԱՀԿ-ն Ադրբեջանի եհովականների՝ պարտադիր զինծառայությունից հրաժարվելու և դրա համար ազատազրկվելու փաստը դատապարտել է նաև 2009-ի ու 2012-ի զեկույցներում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր 2011-ի զեկույցում հիշատակել է Ադրբեջանի քաղաքացի, եհովական Ֆարիդ Մամեդովին, որը զինծառայություն անցնել չցանկանալու համար 2010-ի սեպտեմբերին դատապարտվել է 9 ամիս ազատազրկման:

Նույն կազմակերպության՝ 2012-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011-ին Ադրբեջանը բռնի ուժով ցրել է եհովականների մի քանի հավաքներ ու մերժել է Գանձակի եհովականների կազմակերպությունը գրանցելու հայտերը:

2012-ի իր միջազգային կրոնական ազատության պահպանման վերաբերյալ զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր նաև Ադրբեջանի քաղաքացի, եհովական Ֆահրադին Միրզաևի մասին։ Գանձակի դատարանը 2012-ի սեպտեմբերի 25-ին նրան դատապարտել էր 1 տարի ազատազրկման՝ զինծառայությունից հրաժարվելու պատճառով՝ կոչ անելով պահպանել մարդու ազատ ընտրության իրավունքը։ Ֆահրադին Միրզաևի դեպքին անդրադարձել և նրան ազատ արձակելու համար դիմումներ լրացնելու կոչերով հանդես էր եկել պատերազմի ու ռազմականացման գաղափարներին դեմ գործող, շուրջ 30 երկրներում ներկայացուցչություն ունեցող War Resisters’ International միջազգային կազմակերպությունը:

Միջազգային իրավապաշտպան International Support of Conscientious Objectors and Deserters կազմակերպության հաղորդմամբ՝ 2012-ի հուլիսի 23-ին Բաքվին կից Լոքբաթան ավանի բնակիչ, եհովական Ամիդ Զոհրաբովին տեղի զինկոմիսարիատը բռնի զորակոչել է բանակ։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են սահմանամերձ Ղազախի շրջանի թիվ 707 զորամաս։ Զոհրաբովի մոր բողոքի նամակներից հետո՝ օգոստոսի 7-ին,  նրան ազատ են արձակել։ Տուն վերադառնալով նա պատմել է հարազատներին, որ զինծառայողներին վատորակ ուտելիք են տվել, և զորամասի ներսում շատ ցուրտ է եղել։

Նկատենք, որ Ադրբեջանում 2011-ին ձերբակալություն է արձանագրվել ոչ միայն կրոնական հողի վրա զինծառայությունից խուսափելու համար. քաղաքական նկրտումներից պարտադիր զինծառայությունից հրաժարված և այլընտրանքային ծառայություն պահանջող ակտիվիստ, լրագրող, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Բահթիյար Հաջիևին 2011-ի մայիսի 8-ին դատապարտել են 2 տարի ազատազրկման, նրան ազատ են արձակել միայն 2012-ի հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Բաքու կայանալիք պաշտոնական այցի նախօրեին: Հաջիևի բանտարկության թեմային անդրադարձել է Փիթսբուրգի համալսարանի իրավաբան Սառա Փոլսվորֆը՝ դրա լույսի ներքո հիշատակելով նաև պարտադիր զինծառայությունից խուսափելու համար ազատազրկված Մուշվիգ Մամեդովին ու Սամիր Հուսեյնովին:

Նշենք, որ սույն զեկույցների համար որպես աղբյուր է ծառայել նաև Forum 18[2] անունը կրող նորվեգական իրավապաշտպան կազմակերպության հավաքագրած տվյալներն Ադրբեջանի մասին: Սույն կազմակերպության կայքում հրապարակված վերջին տվյալներով՝ 2013-ի հոկտեմբերին՝ 4 ամիս բռնությամբ զորամասում անցկացնելուց հետո, եհովական, 18-ամյա Քյամրան Շիրխալիևը 2013-ի դեկտեմբերին պետք է որ կանգներ դատարանի առաջ, քանի որ չնայած ճնշումների՝ այդպես էլ զենք չի վերցրել:

Ընդգծենք, որ վերոհիշյալ եհովականներ Մուշվիգ Մամեդովն ու Սամիր Հուսեյնովը (Հայց N604/08), նաև Ֆարիդ Մամեդովինը (Հայց N45823/11) դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ հայցեր ներկայացնելով Ադրբեջանի իշխանությունների դեմ իրենց իրավունքների խախտման համատեքստում: ՄԻԵԴ-ը մինչ օրս որոշում չի ընդունել սույն հայցերի առնչությամբ

2013-ի ապրիլին հայտնի է դարձել՝ «Եհովայի վկաներից» երկուսն առանձին հայցերով ևս դիմել են ՄԻԵԴ՝ Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքների պետական հանձնաժողովի դեմ մեղադրանքներ ներկայացնելով: Մեղադրող կողմի վկայությամբ՝ իրենց գործունեությունը սահմանափակում են, ապօրինի ճանապարհներով կասեցնում են դրսից կրոնական գրականության ներմուծումը:

Այսպիսով, ակնհայտ է՝ 2007-ից Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը: Հարց է ծագում՝ ինչու է Ադրբեջանը լոկ մեկ օրենքի չընդունման հետևանքով հավելյալ լծակ ստեղծում միջազգային կազմակերպությունների կողմից հերթական անգամ քննադատությունների արժանանալու և երկրի միջազգային վարկանիշը խաթարելու համար:

Կարծում ենք ՝ քանի որ Արցախյան հիմնախնդիրն Ադրբեջանն իր գերնպատակն է հռչակել, ապա հարկադրված է զինված ուժերում ապահովել զինծառայողների այդ թվում բավարար քանակ, սակայն պատկան մարմինները համոզված չեն՝ այլընտրանքային զինծառայության առկայության դեպքում զորակոչային տարիքի երիատասարդների զգալի հատված միգուցե նախապատվություն տա չծառայելուն, իսկ դրա համար առավել նպատահարմար տարբերակը կրոնական կառույցի հետևորդ ներկայանալն է:

«Եհովայի վկաներն» էլ ստեղծված վիճակում թիրախ են Ադրբեջանի իշխանությունների և ՊՆ-ի համար, քանի որ Ադրբեջանի տարածքում գործող կրոնական համայնքներից հիմնականում նրանք են կտրականապես հրաժարվում ԶՈւ-ում ծառայել և զենք վերցնել:

Մյուս կողմից էլ, «Եհովայի վկաներն» Ադրբեջանում 2009-ի տվյալներով ընդամենը 700 հոգի են, Ադրբեջանի կառավարությունն ամեն կերպ հալածում է նրանց, կասեցնում դրսից գրականության ներմուծումը, ցրում հավաքները՝ զրկելով քարոզելու բոլոր հնարավոր տարբերակներից ու ռեսուրսներից:

«Եհովայի վկաների»՝ Ադրբեջանում ազդեցիկ լինելու պատրանքը ստեղծվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում հիշատակվելու արդյունքում: Եթե դիտարկենք ներկայիս Ադրբեջանում զորակոչի գործընթացին խոչընդոտ հանդիսացող գործոնները, ապա իրականում անհամեմատ ավելի լուրջ խնդիր է զորակոչային տարիքի երրիտասարդների արտահոսքը Սիրիա, քան թե եհովականների գործունեությունը:

Բացի այդ,Ադրբեջանը, ըստ էության, ձեռնտու դիրքորոշում է որդեգրել այլընտրանքային ծառայության հարցում. երբ եվրոպական գործիչներն ու կազմակերպությունները մեղադրում են եհովականներին բռնի զորակոչելու համար, Ադրբեջանն արդարանում է այլընտրանքային ծառայության օրենք չունենալու հանգամանքով, իսկ երբ հարցեր են առաջանում՝ ինչու օրենքը չի ընդունվում, Ադրբեջանը հիշեցնում է իր Սահմանադրության 76.2 կետի և դեռևս 1992-ին նախագահի հրամանագրի մասին: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ թե՛ եհովականներին զորակոչելը, թե՛ չզորակոչելը օրինախախտում չեն:

Հաշվի առնելով, որ ներկայումս ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները հերթական անգամ ակտիվացնում են թեման լրատվադաշտում, չի բացառվում, որ կրկին քննարկումներ ծավալվեն Միլլի մեջլիսում և ադրբեջանական կողմը եվրոպական կառույցների աչքում կրկին իմիտացիա ստեղծի՝ այլընտրանքային զինծառայության օրենքի ընդունման համար լուրջ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, բայց օրենքի ընդունման հավանականությունն աննշան է: Իսկ եթե իրատեսական համարենք Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի ծառայության պնդումը, որ 2014-ի հունվարին զորակոչին քանակի առումով խնդիրներ են ծագել, ապա չի բացառվում՝ այդ խնդիրներն առնչություն չունեն եհովականների հետ, որոնք այս հարցում Ադրբեջանին ընդամենը ձեռնտու արդարացում են, զորակոչված երիտասարդների նվազ թվաքանակն իրականում այլ պատճառներ ունի:

 


[1] 1960-ականներին այս եզրույթն ընդունել է Amnesty International-ի հիմնադիր, բրիտանացի իրավաբան ու իրավապաշտպան Պիտեր Բենենսոնը՝ բնութագրելու համար խաղաղ ճանապարհով իր քաղաքական, կրոնական ու գիտական հայացքներն արտահայտելու արդյունքում ազատազրկված կամ ձերբակալված անձին:

[2] Հիմնականում ուսումնասիրում է խոսքի ու կրոնի ազատության իրավունքի խախտումները նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում: 2003-ից այն ունի նորությունների սեփական կայքը, որտեղ էլ Ադրբեջանի եհովականների խնդիրները ներկայացված են առանձին բաժնով:

 

2 responses to “«Եհովայի վկաների» պարտադիր զինծառայության հարցը՝ կրկին Ադրբեջանի օրակարգում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *