ԱՄՆ-ն իր «ավելորդ» զրահամեքենաների մի մասը կարող է տրամադրել Պակիստանին

Պակիստանը կարող է ստանալ ԱՄՆ զինված ուժերի MRAP դասի զրահամեքենաների մի մասը, որոնք Աֆղանստանի պատերազմից հետո «ավելորդ» են համարվում։ Ենթադրվում է, որ Պակիստանին տրամադրվելիք 160 միավոր ամերիկյան արտադրության MaxxPro մեքենաներից 80-ը կլինեն օգտագործված, իսկ մյուս 80-ը՝ նոր։ Defensenews.com կայքը, իր աղբյուրներին հղում անելով, նշում է, որ ներկայում երկու կողմերը քննարկում են զրահամեքենաների տրամադրման մանրամասները։

ԱՄՆ ԶՈւ Navistar MaxxPro Dash (ձախից), Oshkosh M-ATV (աջից) MRAP տեսակի զրահամեքենաները Աֆղանստանում

ԱՄՆ ԶՈւ Navistar MaxxPro Dash (ձախից), Oshkosh M-ATV (աջից) MRAP տեսակի զրահամեքենաները Աֆղանստանում

Մասնավորապես ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով: Իսկ քանի որ տեխնիկայի տեղափոխումը Աֆղանստանից ԱՄՆ, ինչպես նաև դրանց հետագա նորոգումը շատ թանկ է նստում զինված ուժերի վրա (ամեն միավոր մեքենայի ծախսը գնահատվում է 250-300 հազար ԱՄՆ դոլար), ամերիկյան կողմը որոշել է դրանք ցածր գնով վաճառել կամ նվիրել այլ երկրների, ընդ որում նման գործարքների դեպքում ընդունող երկիրը պիտի ինքը հոգա զրահամեքենաների տեղափոխման ծախսերը։

Այս խնդիրը մասնավորապես առաջացել է այն պատճառով, որ ԱՄՆ-ն մինչև 2014-ի ավարտը նախատեսում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերի ու ռազմական տեխնիկայի մեծ մասը։

Հիշեցնենք, որ նման գործարք ԱՄՆ-ի հետ արդեն կնքել է Հունաստանը։ Պայմանագրով Հունաստանը որպես «նվեր» ստացել է M113A2 սերիայի մի քանի տեսակի 460 միավոր զրահամեքենաներ, որոնց տեղափոխման համար վճարել է 5,5 մլն ամերիկյան դոլար։

Ամերիկյան կողմն իր հերթին հայտնել է, որ Աֆղանստանում ներկայում մնացել է մոտ 1200 միավոր «ավելորդ» զրահատեխնիկա։ Այս մեքենաների համար որպես հնարավոր գնորդ դիտարկվում են Պակիստանը, Աֆղանստանն ու Հնդկաստանը։

MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները, որոնց դասին է պատկանում նաև Պակիստանին վաճառվելիք MaxxPro-ն, հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։

Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *