Ատոմ զրահամեքենա ստեղծելու ռուս-ֆրասիական գործարքը ժամանակավորապես կասեցվել է

Ֆրանսիական Renault Trucks Defense ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավոր կասեցնում է ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության հետ համագործակցությունը, որով երկու կողմերը նախատեսում էին համատեղ ստեղծել Ատոմ հետևակի մարտական մեքենա: Ենթադրաբար սա պայմանավորված է Ղրիմի՝ Ռուսաստանին միացումով, ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ ֆրանսիական ընկերությունը վերջնականապես չեղյալ չի հայտարարել համագործակցությունը:

Ռուս-ֆրանսիական «Ատոմ» հետևակի մարտական մեքենայի մակետը RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ

Ռուս-ֆրանսիական «Ատոմ» հետևակի մարտական մեքենայի մակետը RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ

Ֆրանսիական ընկերության նման որոշման պատճառ է կարող էր լինել շվեդական Volvo AB ընկերության դիրքորոշումն այս հարցում, քանի որ Renault Trucks Defense ընկերությունը մտնում է շվեդական ընկերության կազմի մեջ, իսկ Ատոմ հետևակի մարտական մեքենաների վրա նախատեսված էր տեղադրել հենց Volvo AB ընկերության արտադրած շարժիչներ:

Շվեդիան, ինչպես և ՆԱՏՕ-ի երկրները, կասեցրել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, իսկ շվեդական կառավարությունը կարող է արգելել Volvo AB ընկերությանը շարժիչներ տրամադրել մեքենայի ստեղծման համար:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալվագոնզավոդ» ու ֆրանսիական Renault Trucks Defense ընկերությունները համատեղ հետևակի մարտական մեքենա ստեղծելու պայմանագիրը կնքել են 2013-ի փետրվարին, իսկ  մեքենայի մակետն առաջին անգամ ներկայացրել են 2013-ի սեպտեմբերին Ռուսաստանում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Նոր մեքենան նախագծվել է ֆրանսիական VBCI հետակի մարտական մեքենայի հիմքի վրա: Ներկայացված մեքենայի շարժիչը, տրանսմիսիան ու կրակի կառավարման համակարգը տրամադրել է ֆրանսիական ընկերությունը, իսկ սպառազինությունը՝ ռուսականը։

Նախատեսված է, որ 8×8 ընթացամասով նոր հետևակի մարտական մեքենայի զագվածը կլինի 32 տոննա, նրա վրա տեղադրված կլինի 57 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթ՝ 200 փամփուշտ մարտական լրակազմով: Նախատեսված է պատրաստել նաև մեքենայի՝ հեռակառավարվող մարտական հանգույցով տարբերակներ, որոնք սպառազինված կլինեն 120 մմ թնդանոթով կամ 57 մմ զենիթային թնդանոթով, ինչպես նաև 12,7 մմ գնդացրով:

Մեքենայի հիմքի վրա կարող են պատրաստվել նաև նորոգման-տարհանման, հրամանատարաշտաբային, ինժեներական ու սանիտարական մեքենաներ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *