Մարտի 7-ին Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից Թովուզի շրջանում ադրբեջանական կողմը ձերբակալել էր սահմանն անցած, ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանին։ Այսօր՝ ապրիլի 3-ին, ադրբեջանական լրատվակայքերը հայտնում են վերջինիս հավանական վերադարձի մասին։
Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ սույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ չի կարող տալ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ANSpress կայքը, հղում տալով Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերին, ներկայումս եռակողմ բանակցություններ են ընթանում գերուն հայկական կողմին հանձնելու շուրջ, հավանական է՝ ընթացիկ ամսվա մեջ հանձնելու որոշում կայացվի։ Ներկա դրությամբ, ըստ աղբյուրի, մի շարք հարցեր են պարզաբանվում, վերջնական որոշումը թերևս կայացվի 30-40 օրից։ Սայիլովը շեշտել է, որ Արսեն Խոջայանը երրորդ երկիր գնալու մտադրություն չի հայտնել։
Հիշեցնենք, որ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է՝ Խոջայանն իրենց գյուղից է, օրերս հայկական կողմին արտահանձնված Մամիկոն Խոջոյանի ազգակիցը։ Նա ամուսնացած չէ, ընտանիքում յոթ երեխա են, գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։ Չոբանյանը կտրականապես հերքել է շրջանառվող լուրերը, թե իբր Արսեն Խոջայանը պայմանագրային զինծառայող է։