Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ՌԴ Պրիմորսկի շրջանի «Ցենտրալնայա Ուգլովայա» ռազմական օդակայանում վթարային վայրէջք է կատարել ՌԴ օդուժի Սու-27ՍՄ կործանիչը՝ առանց շասսիները բացելու։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը, ինքնաթիռի անձնակազմը չի տուժել, թռիչք իրականացնելիս էր ինքնաթիռը սպառազինություն չի կրել։
Տեղում հետաքննություն անցկացնելու համար Պրիվորսկ են ժամանել ՌԴ ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատարության հատուկ հանձնաժողովները։
Նախնական վարկածով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Մինչև հետաքննության ավարտը Սու-27ՍՄ ինքնաթիռների թռիչքները կասեցվել են։
Հանձնաժողովների նախնական տվյալներով՝ ինքնաթիռն որոշ վնասվածքներ է ստացել, վերանորոգման կարիք ունի, որից հետո պատրաստ կլինի շահագործման։
Նշենք նաև, որ ռուսաստանյան Lifenews կայքը հրապարակել է մի քանի լուսանկար դեպքի վայրից։ Դրանցում երևում է, որ ինքնաթիռի առաջամասն է վնասվել։
Սու-27-ը 4-րդ սերնդի կործանիչ է, ինքնաթիռի նախատիպը առաջին անգամ թռիչք է կատարել 1977 թվականին։ Այժմ Սու-27-ը ՌԴ զինված ուժերում համարվում է հիմնական ինքնաթիռներից մեկը, իսկ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։
Սու-27ՍՄ-ի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 21.9 մ, թևի բացվածքը՝ 14.6 մ, բարձրությունը՝ 5.9 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 33 հազար կգ, առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ