Մամիկոն Խոջոյանին դուրս են գրել հիվանդանոցից

Հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցած ու գերի ընկած, մարտի 4-ին գերությունից ազատված, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանին այսօր՝ ապրիլի 3-ի առավոտյան դուրս են գրել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։

Մանրամասները պարզելու համար Ռազմինֆոն կապ հաստատեց Խոջոյանի դստեր՝ Հեղինեի հետ։ Վերջինիս խոսքերով՝ Խոջոյանի վիճակը ներկա դրությամբ ավելի լավ է, դեռևս չի ճանաչում հարազատներին, բայց արդեն փորձում է վեր կենալ, քայլել։

Հիշեցնենք, որ նախկին գերուն մարտի 19-ին վիրահատել էին։ Նրա մարմնի վրա այդ ժամանակ խոշտանգումների հետքեր կային։

Մամիկոն Խոջոյանի վիճակը հանձնումից հետո ծանր էր, բուժզննման հետևանքով պարզ էր դարձել՝ նրան Ադրբեջանում ենթարկել էին կտտանքների։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները կտրականապես հերքում էին, որ Խոջոյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն դեռևս հունվարի 31-ին ադրբեջանական Anspress լրատվակայքի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը ասել էր՝ հնարավոր է Խոջոյանին ծեծել են Ադրբեջանում, լուրը հաստատել էր նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։ Ջաֆարովը ծեծի մեթոդներն անվանել է «հնացած տեխնոլոգիաներ»՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի մոտեցումները։

Հավելենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ»։։

Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *