ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ:
Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր:
Պաշտպանության նախարարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում, իր խոսքում նշել է Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նաև անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում. բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: