Տեխասում 3 ծառայակցի սպանելուց հետո ԱՄՆ ԶՈւ զինծառայողն ինքնասպան է եղել

ԱՄՆ զինուժի՝ Տեխասում տեղակայված Ֆորտ-Հուդ ռազմակայանում ապրիլի 3-ին հրաձգության դեպք է արձանագրվել։ 34-ամյա զինծառայող Իվան Լոպեզը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ։

 

ԱՄՆ բանակի զինծառայողները՝ միջադեպի վայրում, լուսանկարը՝ reuters.com

ԱՄՆ բանակի զինծառայողները՝ միջադեպի վայրում, լուսանկարը՝ reuters.com

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, միջադեպի հետևանքով սպանվել է 3 հոգի, վիրավորվել են 16-ը։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ զինծառայողը որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել։ Նախնական վարկածով՝ այս քայլի պատճառը ծառայակիցների հետ վեճն էր։

Միջադեպին արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ այն բնութագրելով որպես «սարսափելի ողբերգություն»։ Նա լրագրողներին հավաստիացրել է. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պարզենք միջադեպի բոլոր հանգամանքները»։

Հիշեցնենք, որ Ֆորտ-Հուդն ամերիկյան զինուժի ամենախոշոր ռազմակայանն է, այստեղ ծառայություն են անցնում 40 հազար զինծառայող և սպա, բացի այդ կայանում բնակվում են շուրջ 70 հազար հոգի, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքները։

Նկատենք, որ դեռևս 2009-ին հենց այս ռազմակայանի տարածքում էր ռազմական հոգեբան Նիդալ Մալիք Հասանը կրակ բացել ու սպանել 13 հոգու, վիրավորել 30-ին։ 2013-ի օգոստոսին նրան մահապատժի են դատապարտել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *