ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում մեկնարկել է «Վիկինգ-2014» զորավարժությունը

Վրաստանի Վազիանի զորավարժարանում ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի հովանու ներքո մեկնարկել է «Վիկինգ-2014» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում է 5 պետություն՝ Շվեդիան, Իռլանդիան, Բուլղարիան, Սերբիան և Վրաստանը։

Վազիանի զորավարժարանում անցկացվող զորավարժությունից. 2013 թվական

Վազիանի զորավարժարանում անցկացվող զորավարժությունից. 2013 թվական
Նկարը՝ AP-ի

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պլանավորման շտաբը տեղակայված է Շվեդիայում, որն էլ այս տարի զորավարժությունը համակարգող երկիրն է։ Զորավարժության ընթացքը ղեկավարվում է տեսակամրջի միջոցով։ Մասնակիցները հենց այդպես էլ ստանում են պլանավորման կենտրոնից առաջադրանքները։

Ըստ զորավարժության սցենարի՝ պայմանական որևէ երկրում ճգնաժամային իրավիճակ է հայտարարվում, և ՄԱԿ-ը օգնության համար դիմում է ՆԱՏՕ-ին։ Օժանդակության համար հատուկ խմբեր են կազմավորվում, որոնք այդ երկրում կայունության պահպանման համար գործողություններ են իրականացնում։

Մասնակիցները հրամանատարական շտաբից ստանում են իրենց առաջադրանքն ու անցնում համատեղ գործողությունների։
Զորավարժության նպատակն է ճգնաժամային իրավիճակներում ռազմական փոխգործակցության ապահովումը։

Հավելենք, որ զորավարժությանը մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Զորավարժությունը կավարտվի ապրիլի 10-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *